Հայաստանի իշխանությունները կշարունակեն ուժեղացնել ընդդիմության նկատմամբ կիրառվող ճնշումը, իսկ հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի շուրջ տեղի ունեցողն ընդամենը քաղաքական ուժերի և ազգային հայացքներ ունեցող մարդկանց դեմ ուղղված ավելի լայնամասշտաբ արշավի մի մասն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունների գործողությունները պետք է դիտարկել երկրի պետական կարգը փոխելու, տարածքային զիջումների գնալու և Սահմանադրությունը փոփոխելու նրանց ծրագրերի համատեքստում։
«Այս ամենը պետք է դիտարկել ընդհանուր պատկերի մեջ՝ ինչ է կատարվում, ինչ է ուզում գործող իշխանությունը և հանուն ինչի է այս ամենն արվում։ Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Երրորդ հանրապետության ապամոնտաժման և Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջով ինչ-որ նոր կազմավորում ստեղծելու մասին։ Դրան զուգահեռ՝ նա ճանապարհային քարտեզ է ներկայացրել Հայաստանի նոր տարածքներն Ադրբեջանին հանձնելու և ուժի սպառնալիքով Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ», — հայտարարել է Սաղաթելյանը։
Նա կարծում է, որ այս ֆոնին իշխանությունները տարբեր եղանակներով փորձում են մեկուսացնել ու չեզոքացնել ընդդիմությանը։
«Այս ճանապարհին նրանք փորձում են տարբեր մեթոդներով, պիտակավորումներով ու հոդվածներով մեկուսացնել ընդդիմադիր դաշտի բոլոր քաղաքական ուժերին, կալանավորել մարդկանց, զրկել նրանց գույքից, երկրում վախի մթնոլորտ տարածել, որպեսզի ի վերջո կյանքի կոչեն Հայաստանի համար այս կործանարար ծրագիրը», — ասել է պատգամավորը։
Սաղաթելյանն անդրադարձել է նաև Լաչինում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին լուրերին, որտեղ, նրա խոսքով, քննարկվել են էներգակիրների առևտրին առնչվող հարցեր։
«Այսօր տեսաք հայտարարությունը, որ Լաչին քաղաքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները և քննարկել էներգառեսուրսների առևտրի հարցեր։ Այսինքն՝ երկիրն արդեն հանձնել են Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողությանը, իսկ այս ճանապարհին փորձում են չեզոքացնել բոլոր խոչընդոտները», — հայտարարել է նա։
Սաղաթելյանի խոսքով՝ տեղի ունեցողն ընդդիմության համար անակնկալ չէր։
«Մենք այս ամենի մասին հերթով ասել ենք նախընտրական շրջանում։ Եվ ամեն օր կրկնում էինք՝ եթե չարիքի այս իշխանությունը վերարտադրվի, երկրում ձևավորվելու է մեկ մարդու իշխանություն, բացարձակ բռնապետություն։ Նրանք փորձելու են թշնամու պահանջով և վերջինիս գրած Սահմանադրությամբ ստեղծել կախյալ պետություն։ Սա շատ ծանր է անդրադառնալու մեր ժողովրդի, բնակչության և պետականության վրա», — նշել է պատգամավորը։
News.am
