«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը նամակ է հղել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից` ընդգծելով, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով։ Նամակը հրապարակվել է ««Մայր Հայաստան» ժողովրդական շարժում» ֆեյսբուքյան էջում։
«Հարուցված քրեական գործով նախատեսվում է ցմահ ազատազրկում։ Պատերազմ և պարտություն բերած, հազարավոր զոհերի և վիրավորների պատճառ դարձած, Արցախի և Հայաստանի տարածքները հանձնած թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող Նիկոլ Փաշինյանն ինձ մեղադրում է պետական դավաճանության մեջ։ Փաստորեն դավաճանն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք դավաճանին։ Նիկոլի համար «պետական դավաճան» են նրանք, ովքեր դեմ են իր իշխանությանը։ Ինքը կցանկանար, որ բոլոր արցախցիները զոհված լինեին։ Այսինքն` Փաշինյանը կուզենար, որ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը զոհվեր կամ ցմահ ազատազրկվեր»,– գրել է Թևանյանը։
Նա ընդգծել է, որ ՀՀ քաղաքացիները միասնական ջանքերով պետք է վռնդեն Նիկոլ Փաշինյանին՝ ակտիվորեն մասնակցելով ընտրություններին։ Քաղաքական գործիչը կոչ է արել հավաքական ընդդիմությանը գլխավոր՝ իշխանափոխության և հայկական իշխանության ձևավորման հարցում լինել միասնական։
«Մայր Հայաստանը» նամակը հրապարակելիս շեշտել է նաև, որ օրենքով սահմանված կարգով Անդրանիկ Թևանյանն ունի վստահված անձանց միջոցով հանրության հետ շփվելու իրավունք։
Sputnik Արմենիա
