Մոսկվան սադրիչ է համարում ՀՀ անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունները, թե ՀՀ-ն պատրաստ է ընդունել ՌԴ քաղաքացիների նոր հոսքեր, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որի մեկնաբանությունը հրապարակվել է ՌԴ արտգործնախարարության կայքում։
Նա ընդգծել է, որ դա արվում է ՌԴ-ում հնարավոր զորահավաքի մասին շահարկումների ֆոնին, որոնք բազմիցս հերքվել են ՌԴ պաշտոնատար անձանց կողմից։
«Սիմոնյանի արտահայտությունները համարում ենք սադրիչ։ Ըստ էության, դրանք խրախուսում են Ռուսաստանի քաղաքացիներին կատարել անօրինական գործողություններ և ավանդական հայկական հյուրընկալությանը հաղորդում են թունավոր քաղաքական երանգ»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի գնահատմամբ՝ Սիմոնյանի հարցազրույցը բացահայտորեն թշնամական էր Ռուսաստանի նկատմամբ։ Նրա խոսքով՝ Ազգային ժողովի նախագահ եղած ժամանակ էլ նա պարբերաբար հանդես էր գալիս ոչ միանշանակ արտահայտություններով, այդ թվում՝ ռուս-հայկական հարաբերությունների թեմայով։
«Ցավով ենք նշում, որ պաշտոնական Երևանի ներկայացուցիչների կողմից Մոսկվայի հետ երկկողմ համագործակցությունը խաթարող հրապարակային հայտարարությունների տիրաժավորման միտումը շարունակվում է»,- նշել է Զախարովան։
Նա հիշեցրել է, որ 2026թ․ փետրվարին Ալեն Սիմոնյանը Ռուսաստան կատարած այցի ժամանակ խոսել էր ռուս-հայկական կապերի զարգացման կարևորության մասին։ Զախարովան նշել է, որ Սիմոնյանի մեկնաբանությունները գնահատվում են որպես ՀՀ իշխանությունների՝ Արևմուտքին և Կիևի ռեժիմին ծառայելու ձգտման ևս մեկ վկայություն։
Նշենք, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը, «Дождь» հեռուստաալիքի եթերում պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է ընդունել այն ռուսաստանցիներիին, որոնք ձգտում են խուսափել պատերազմ մեկնելուց, հավաստիացրել է, որ իշխանությունները մտադիր չեն խոչընդոտներ ստեղծել նրանց համար: Սիմոնյանի խոսքով՝ ռուսաստանցիները կարող են Հայաստանում գտնել այն, ինչ փնտրում էին, իսկ հետո վերադառնալ, երբ անհրաժեշտ համարեն:
Sputnik Արմենիա
