ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31–ին կամ սեպտեմբերի 1–ին կհանդիպեն Ղրղզստանում` ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ–ը, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ինչպես հայտնի է, օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, որ Երևանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամակցելու հայտի նախապատրաստումը։
Ուշակովը նշել է, որ Երևանի եվրոպական կողմնորոշման հարցը կլինի ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման թեմաներից մեկը։
«Մենք նախկինի պես պնդում ենք, որ Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ-ին անդամակցել՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունից։ Այս հարցն ինչ-որ կերպ պետք է կարգավորել, և նախագահն ու վարչապետը, անկասկած, այդ մասին խոսելու են», – հայտարարել է Ուշակովը։
Նա ընդգծել է, որ այդ զրույցը տեղի է ունենալու Հայաստանում ընդդիմության առաջնորդների զանգվածային ձերբակալությունների ֆոնին, «ընդ որում՝ այն առաջնորդների, որոնք հանդես են գալիս և նախկինում էլ հանդես են եկել երկու երկրների միջև ավանդական բարիդրացիական հարաբերությունների ակտիվացման օգտին։
«Անկասկած, այս թեմային անդրադարձ կլինի, և, իհարկե, Հայաստանի ղեկավարության այս քաղաքական գիծը մեզ մոտ մեծ մտահոգություն է առաջացնում», — ասել է Ուշակովը՝ ցավալի համարելով այն փաստը, որ Ռուսաստանին համակրող քաղաքական գործիչները գտնվում են ճաղերի հետևում։
Նշենք, որ ՇՀԿ գագաթնաժողովը Ղրղզստանում կանցկացվի օգոստոսի 31–ից սեպտեմբերի 1–ը։
Sputnik Արմենիա
