ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատեց, որ փոխվել է ՀՀ զինված ուժերի զինանշանը։ Գերատեսչության հրապարակած պաշտոնական տեսանյութում այս փոփոխությունը որակվում է որպես արդիականացման և սրբագրման գործընթաց, որն իրականացվում է բանակի ընդհանուր կերպափոխման համատեքստում։
Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, որ մայիսի 28-ի զորահանդեսը կանցնի բանակի նր զինանշանով և նոր համազգեստով։
Նախարարության պարզաբանմամբ՝ 2001 թվականին հաստատված նախկին զինանշանն ուներ մի շարք զինանշանագիտական (հերալդիկ), ձևաբանական և գաղափարաբանական էական թերություններ, որոնք հակասում էին բանակի բուն էությանը։
«Նախկին զինանշանի հիմնական կերպարը՝ արծիվը, ունի հերալդիկ և գեղագիտական էական թերություններ։ Արծիվը պատկերված է փակ կտուցով, հերալդիկայում փակ կտուցը համարվում է հանգիստ, ոչ մարտական վիճակ, հաճախ ընկալվում է անշունչ կերպար։ Բացակայում է արծվի հիմնական մարմինը՝ իրանը, այն ձուլված է ընդհանուր մակերեսին։ Բացակայում են արծվի վերջույթները, ճանկերը, զենքը, սա ստեղծում է անդամահատված անզոր խոցելի էակի տեսք, ինչն անթույլատրելի է բանակի խորհրդանիշի համար»,– մանրամասնել է նախարարությունը։
Բացի այդ, ըստ ՊՆ-ի, հին տարբերակում սուրը տեղադրված էր վահանի հետևում, ինչը հերալդիկայում նշանակում է պաշտպանությանը ոչ պատրաստ լինել։ Կոպտագույն սխալ է որակվել նաև պետական դրոշի պատկերումը, որը ներկայացված էր առանձին ժապավեններով, ինչը խորհրդաբանորեն կարող էր մեկնաբանվել «որպես պառակտված, մասնատված կամ ոչ ամբողջական պետականություն»։
Նոր զինանշանի նկարագրությունն ու խորհրդաբանությունը
Զինված ուժերի նոր խորհրդանիշում կենտրոնական կերպարները վերաիմաստավորվել են՝ հանուն մարտական ոգու և զգոնության ընդգծման.
Կենդանի և լիակատար արծիվ. նոր զինանշանում արծիվն ունի ամբողջական մարմնավորում՝ հստակ երևացող գլխով, մարմնով, թևերով ու ճանկերով։ Արծվի կտուցը բաց է, ինչը հերալդիկայում խորհրդանշում է կենսունակություն, պատրաստակամություն, զգոնություն, ինչպես նաև խոսքի և ուժի իրավունք։
Ոսկեգույն արև և վահան. արծվի թիկունքում շողում է ոսկեգույն արևը՝ որպես լույսի, հարատևման և բարեկեցության խորհրդանիշ։ Արծվի կրծքին տեղադրված է կլոր ոսկեգույն վահան՝ զարդարված հայկական ութաթև արևախաչով, որի կենտրոնում պատկերված սերմնահատիկը մարմնավորում է ապագա զինվորներին։
Պատմական զենքեր ճանկերում. ի տարբերություն նախկին տարբերակի՝ արծիվն իր ճանկերում բռնել է զենքեր. ձախում՝ մշտապես պատրաստ կարգավիճակը խորհրդանշող ոսկեգույն սուր, իսկ աջում՝ հայ զինվորականության թալիսման համարվող Աշոտ Երկաթի Սուրբ խաչը։
Պետականության տարրեր. զինանշանի վերին հատվածում պատկերված են Հայաստանի պետական դրոշի եռագույնն ու ՀՀ քարտեզը, ինչը, ըստ ՊՆ–ի, կապում է պետության հետ՝ ընդգծելով բանակի դերը որպես անվտանգության գլխավոր երաշխավոր։
Նշենք, որ ՀՀ ԶՈւ զինանշանը հաստատվել էր 2001 թվականի հունվարի 23-ին ՀՀ նախագահ, զինված ուժերի գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Բանակի զինանշանի փոփոխության համար Ազգային ժողովի հաստատումը պետք չէ. ՀՀ ԶՈւ զինանշանը առանձին պետական խորհրդանիշ չէ, ուստի հաստատվում է ոչ թե օրենքով, այլ ենթաօրենսդրական կամ վարչական ակտով։
Sputnik Արմենիա
