Логотип

Օվերչուկ․ Պուտինի և ՀՀ փոխվարչապետի առանձին հանդիպում նախատեսված չէ

Աստանայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առանձին հանդիպում նախատեսված չէ։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Միևնույն ժամանակ նա չի բացառել «ոտքի վրա» հնարավոր շփումը։

ԵՄ անդամակցության ծրագրերի վերաբերյալ լրագրողների հարցին ի պատասխան Օվերչուկը նշել է, որ Հայաստանի ծրագրերի հետ կապված իրավիճակը անորոշություն է ստեղծում ներդրողների համար։

Միևնույն ժամանակ նա հիշեցրել է պաշտոնական Երևանի հայտարարությունը, որ Հայաստանը մտադիր չէ դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։

«Այնտեղ շատ լավ գիտակցում են և՛ արտոնությունների ծավալը, և՛ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ առևտրի ծավալը», – ասել է Օվերչուկը։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ քարոզարշավի պատճառով չի մասնակցի մայիսի 28-29-ը Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին, գագաթնաժողովում Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Սա բացասական արձագանք էր առաջացրել Մոսկվայում, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի չմասնակցելն օրինաչափություն է դառնում։

Sputnik Արմենիա