Логотип

Ռեշետնիկով․ ՌԴ-ն այլ շուկաներից կգնի այն ապրանքները, որոնց ներկրումը Հայաստանից արգելվել է

Հայաստանից Ռուսաստան պտուղ–բանջարեղենի ներկրման սահմանափակումը գնաճի վրա ազդեցություն չի ունենա և որևէ խնդիր չի առաջացնի։ Այս մասին «Իզվեստիային» հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։

«Մեր շուկաներում ազդեցություն չի լինի։ Երեկ ինձ հարցնում էին՝ ի՞նչ է լինելու գնաճի հետ, և այլն։ Մենք վիճակագրորեն որևէ խնդիր չենք արձանագրել»,– ասել է նախարարը։

Նա հավելել է, որ Ռուսաստանն իր սպառման հիմնական ծավալը բավարարում է սեփական արտադրության հաշվին, ինչպես նաև իր շուկաներում մատակարարների բավականին դիվերսիֆիկացված կառուցվածք ունի։

«Դա ոչ մի խնդիր չի առաջացնի»,– ընդգծել է տնտեսական զարգացման նախարարը:

Հիշեցնենք, որ մայիսի 28–ին Ռոսսելխոզնադզորը հայտնել էր, որ մայիսի 30–ից սահմանափակում է Հայաստանից պտուղ–բանջարեղենի ներկրումը՝ բուսասանիտարական բարեկեցության ապահովման նպատակով: Մայիսի 22–ից գերատեսչությունը ժամանակավորապես սահմանափակել է երկրից ծաղիկների ներկրումը։ Այդ որոշումներն ընդունվել են Ռուսաստան հայկական պտուղ–բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակի դարձած դեպքերի պատճառով։

Sputnik Արմենիա