«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Հանրային ՀԸ-ի՝ զրպարտության համար։ Հայցի առիթը ՔՊ նախընտրական քարոզչական տեսանյութում «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի վերաբերյալ զրպարտչական տեղեկությունները։ Այս մասին փոխանցում է Փաստինֆոն:
Մասնավորապես, ՔՊ քարոզչական տեսանյութում հնչեցվել են՝ «օլիգարխ», «պատերազմի եռագլուխ կուսակցություն կազմելու», «ժողովրդին խաբելու», «վախեցնելու», «իշխանության գալու համար ձայներ գնելու», «պատերազմ հրահրելու», «Հայաստանի անկախությունը վերացնելու», «օտարերկրյա լրտես հանդիսանալու» մասին արտահայտություններ, որոնք հայցվորը պահանջում է հերքել՝ արձանագրելով, որ դրանք ամբողջությամբ զրպարտչական են։ Մասնավորապես, որպես հերքման տեքստ Կարապետյանը պահանջում է հրապարակել հետևյալը․ «Հանրային հեռուստաընկերությամբ հրապարակված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչական տեսանյութը «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի վերաբերյալ տարածել է զրպարտչական բնույթի կեղծ տեղեկություններ: Հերքելով մեր կողմից նախկինում հրապարակված տեղեկությունները՝ հայտնում ենք, որ Սամվել Կարապետյանի վերաբերյալ հնչեցված «օլիգարխ», «պատերազմի եռագլուխ կուսակցություն կազմելու», «ժողովրդին խաբելու», «վախեցնելու», «իշխանության գալու համար ձայներ գնելու», «պատերազմ հրահրելու», «Հայաստանի անկախությունը վերացնելու», «օտարերկրյա լրտես հանդիսանալու» մասին արտահայտություններն ամբողջությամբ սուտ են և չեն համապատասխանում իրականությանը»:
Կարապետյանը հերքումից զատ պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել ՔՊ-ին և Հանրային ՀԸ-ին՝ հրապարակային ներողություն խնդրել իրենից՝ արժանապատվությունն ու բարի համբավը վիրավորական արտահայտություններով արատավորելու համար։ Որպես ներողության տեքստ Կարապետյանը պահանջում է սահմանել հետևյալը․ «Հանրային հեռուստաընկերությամբ հրապարակված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչական տեսանյութում «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի վերաբերյալ հնչեցվել են հրապարակային արտահայտություններ, որոնցով արատավորվել է Սամվել Կարապետյանի պատիվն ու արժանապատվությունը, ինչի համար ներողություն ենք խնդրում Սամվել Կարապետյանից»։
Հայցադիմումը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանին։ Դեռևս առկա չէ տեղեկություն՝ հայցը վարույթ ընդունելու վերաբերյալ։
