«Ուժեղ Հայաստան» դաշինքը հունիսի 7–ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա ազդող ընտրախախտումների ահազանգեր է ստացել։ Կուսակցության անդամ, իրավաբան Գոհար Մելոյանն առանձնացրեց 3 ամենահաճախ ստացվող ահազանգերը։ Առաջին մտահոգիչ ահազանգը , ըստ նրա, այն է, որ մարդկանց ստիպում են քվեախցիկում հեռախոսով նկարել իրենց քվեաթերթիկը՝ որպես իշխանությանը ձայն տալու ապացույց: Դաշինքի անդամը բացատրեց , որ սա արգելված քայլ է, և մարդկանց հուշեց, թե ինչպես շրջանցել այդ ճնշումը:
«Եթե վախենում եք, ապա կարող եք նկարել իրենց պահանջած քվեաթերթիկը, բայց հետո այն գցել աղբամանը և ծրարի մեջ դնել այն ուժի թերթիկը, որին իսկապես ուզում եք ընտրել»,– ասաց նա։
Մելոյանի խոսքով` երկրորդ ահազանգը վերաբերում է մարզերի ու գյուղերի բնակիչներին վախեցնելուն, թե իբր քվեախցերում թաքնված տեսախցիկներ են լինելու, որոնք նկարում են՝ ով ում է ընտրում: Նա վստահեցրեց, որ նման բան հնարավոր չէ.
«Մենք բոլոր 2005 տեղամասային կենտրոններում ունենալու ենք ներկայացուցիչներ և երաշխավորում ենք, որ քվեախցերում և տեղամասային կենտրոններում, բացի օրինական տեսախցիկներից, ավելորդ թաքնված որևէ տեսախցիկ չի լինելու»,– շարունակեց Մելոյանը:
Պատգամավորի թեկնածու խոսքով` 3–րդ ահազանգն այն է, որ մարդկանց ստիպում են իրենց հետ դուրս հանել «Ուժեղ Հայաստանի» քվեաթերթիկը, որ ապացուցեն չեն քվեարկել։
«Հարգելի հայրենակիցներ, սա իրավախախտում է, և դուք ինքներդ կարող է խնդիր ունենալ, եթե արձանագրվեց, որ դուք քվեաթերթիկ եք դուրս բերում։ Թույլ մի տվեք, որպեսզի ձեր նկատմամբ հարկադրանքի միջոցներ կիրառեն, քանի որ դա կարող է իրավական հետևանք ունենալ»,– շարունակեց նա։
Դաշինքի անդամը նշեց, որ իրենք արդեն բազմաթիվ բողոքներ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Նրա խոսքով՝ ունեն տեսանյութեր, թե ինչպես են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվիստները պատռում «Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզչական պաստառները: Բացի այդ, ընտրողների ցուցակներն ուսումնասիրելիս, ըստ Մելոյանի, նրանք մեկ այլ տարօրինակ փաստ են հայտնաբերել. կան հարյուրավոր հասցեներ, որտեղ անհավանական մեծ թվով մարդիկ են գրանցված:
«Մենք ցուցակներից վեր ենք հանել 689 հասցե, որտեղ 100-ից ավել մարդ է գրանցված, հաշվառված։ Օրինակ՝ մի հասցե կա, որի վրա 303 անձ է հաշվառված»,– ընդգծեց դաշինքի անդամը։
Գոհար Մելոյանը տեղեկացրեց, որ այս հարցով դաշինքն արդեն դիմել է Ներքին գործերի նախարարություն և ԿԸՀ՝ պաշտոնական պարզաբանում ստանալու նպատակով:
Մելոյանը նաև հավելեց, որ գործող իշխանությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, այս ընթացքում իր գործելաոճով փաստել է, որ առանց վարչական ռեսուրսի կիրառման չի վերարտադրվի։
«Իրենք այդ գիտակցումն ունեն, որ քաղաքացիները չունեն իրենց նկատմամբ համակրանք»,– նշեց Մելոյանը։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
Sputnik Արմենիա
