Логотип

Մելոյան․ «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ կապված ձայնագրությունները մտացածին են

Հակակոռուպցիոն կոմիտեի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ կապված ձայնագրությունները՝ ընտրակաշառքի բացահայտումները, մտացածին են, ու միակ նպատակն է հարվածել քաղաքական ուժի հանրային հեղինակությանը։ Այսօր հրավիրված ասուլիսին ասաց կուսակցության անդամ, իրավաբան Գոհար Մելոյանը՝ վստահեցնելով, որ իշխանությունները չեն հասել իրենց նպատակին, քանի որ իրենց կուսակցության շարքերն օրեցօր մեծանում են։

Նշենք, որ այսօր էլ Հակակոռուպցիոն կոմիտեն պնդել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչն այլ անձանց հետ ԱԺ ընտրություններին իրենց օգտին քվեարկելու համար ընտրակաշառք է բաժանել Շիրակի մարզի մի շարք ընտրողների։ Նախաքննական մարմինը նոր ձայնագրություն է հրապարակել։

«Այդ ձայնագրության հավաստիությունը արձանագրվա՞ծ է, արդյո՞ք անցել է փորձաքննություն, ովքե՞ր են այդ ձայնագրության մեջ խոսող անձինք, արդյոք նրանք սադրիչներ չեն կամ ապացուցվե՞լ է այդ մարդկանց առնչությունը մեր քաղաքական ուժին։ Սրանք հարցեր են, որոնք մինչ օրս անպատասխան են»,– ասաց նա։

Մելոյանը միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրեց իրենց ուժի դեմ սկսած իրավական գործընթացներին՝ հիշեցնելով, որ իրավապահները հետապնդում են սկսում գործող վարչապետի հայտարարություններից անմիջապես հետո։

«Եթե բացեք Հակակոռուպցիոն կոմիտեի կայքէջը, ապա որևէ գործով նման հրատապություն չեք տեսնի, որ ձայնագրություն են տեղադրում կամ գործի քննության հետքերով գնում են ու անմիջապես՝ մի քանի ժամ հետո, հայտարարություն են տարածում, ու գործն այդտեղից կանգնում է։ Ցավում եմ, որ մեր իրավապահները, որոնք ունեն ավելի կարևոր առաքելություն, քանի որ հանցավորության աճ կա երկրում, ու այնպիսի մարզ չկա, որ հանցավորությունը գոնե 2 անգամ աճած չլինի, սակայն 2021-2025 թվականների իրավապահների ռեսուրսը միայն ընդդիմադիրներին ճնշելու վրա է գործադրվում»,– ընդգծեց Մելոյանը։

Կուսակցության անդամը շեշտեց, որ իրենք ընտրակաշառք բաժանելու կարիք չունեն, քանի որ մարդիկ ինքնակամ անդամագրվում են։ Նա նկատեց, որ իրենց ուժի կազմավորումից մինչ օրս արդեն ձերբակալվածների թիվը չորս հարյուրի է հասնում։

«Ինչ են անում այդ տեսանյութերը. ձայնագրությունները վերցնում են պաշտոնատար անձինք՝ նախարար, վարչապետ, պատգամավոր, ու ֆեյսբուքապետության տրամաբանության մեջ սկսում են հրապարակել սոցցանցերու»,– շարունակեց նա։

Մելոյանը նաև պատասխանեց հարցի` արդյոք պատրաստվում են դատի տալ Նիկոլ Փաշինյանին Սամվել Կարապետյանին լրտես անվանելու համար և հայտարարեց, որ իր տեղեկություններով գործընկերներն արդեն սկսել են իրավական ընթացք տալ։

«Մենք փորձելու ենք այս զրպարտություններին, վիրավորանքներին, հանցավոր տարր պարունակող հայտարարությունների նկատմամբ թե՛ հանցագործությունների մասին հաղորդումներ տալ, թե՛ քաղաքացիաիրավական դաշտում գնալ դրանց հետքերով»,– շարունակեց Գոհար Մելոյանը։

ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։

Sputnik Արմենիա