Логотип

Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես է «աքսակալ» Մակրոնի հետ քննարկել Երևանի «սխոդկան»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին կոչ է արել լինել «շարժիչ ուժ խաղաղ երկխոսության առաջմղման գործում», ինչպես նաև նրան հրավիրել է Մինսկ։ Դրա մասին Լուկաշենկոն պատմել է Աստանայում լրագրողներին՝ պատասխանելով մայիսի 24-ին Բելառուսի և Ֆրանսիայի նախագահների զրույցի մանրամասների մասին հարցին, փոխանցում է БЕЛТА-ն:

Ըստ Լուկաշենկոյի՝ Ֆրանսիայի նախագահի հետ քննարկվել է նաև ուկրաինական թեմատիկան։

«Ավարտեցինք Ուկրաինայով և այն հետևանքներով, եթե մենք ռուսների հետ միասին կրկին հարձակվենք Ուկրաինայի վրա հյուսիսից։ Դուք չէ՞ որ, ասում է, հասկանում եք, որ մենք ստիպված կլինենք պատասխանել։ Ես ասում եմ. «Դուք պետք է ոչ թե պատասխանեք, այլ ձգտեք խաղաղության»։ –Իսկ մենք ձգտում ենք։ Ես ասում եմ. «Եթե դուք ձգտեիք խաղաղության, ապա դուք, լինելով Երևանի «սխոդկայում»… Դե, Մոսկվան, գուցե ձեզ համար այնքան էլ հարմար չէ, կգայիք Մինսկ, և ես ու Վլադիմիր Վլադիմիրովիչը ձեզ կդիմավորեինք Մինսկում»։ Դե այսպես, կատակով։ Նա ասում է. «Ես չեմ բացառում այդ հանդիպումը»։ Ես ասում եմ. «Դե ուրեմն պետք է զանգել Պուտինին։ Գալ, նստել, տղամարդավարի խոսել»»,- զրույցի մանրամասներն է պատմել Լուկաշենկոն։

Համապատասխան առաջարկին ի պատասխան՝ Էմանուել Մակրոնն ասել է, որ պետք է դեռ խորհրդակցել Եվրամիությունում։ Բելառուսի նախագահն էլ զրույցում ընդգծել է, որ տվյալ դեպքում հենց Ֆրանսիայի ներկա նախագահը պետք է լինի համապատասխան գործընթացի շարժիչ ուժը. «Ես ասում եմ. սպասիր, դու աքսակալ ես, արդեն այդքան տարի իշխանության ղեկին ես։ Իսկ ո՞վ կա այնտեղ։ Մերցը բոլորովին երիտասարդ քաղաքական գործիչ է։ Սթարմերը նույնպես բոլորովին երիտասարդ է։ Ո՞վ է խոսելու։ Բոլորը երիտասարդ են։ Իտալիայում ընդհանրապես վարչապետը կին է։ Ի՞նչ է, ուզում եք կնո՞ջ վրա դնել այդ պարտականությունները։ Դու աքսակալ ես, սկսիր շարժվել։ Դու այսօր Եվրոպայում, կարելի է ասել, գլխավոր գործող անձն ես և դրա շարժիչը։ Հայաստան գնացիր, դե հիմա էլ պետք է մեզ մոտ գաս՝ խոսելու Մոսկվայում կամ Մինսկում։ Եվ զրույցի ընթացքում լուծենք այս հարցը»։

News.am