Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Եվրամիությանը հնարավոր անդամակցության դեպքում Հայաստանը զարգացման աջակցություն և արտոնություններ չի ստանա։ Նրա խոսքով՝ հանրապետության հետ կվարվեն այնպես, ինչպես, իր գնահատմամբ, ժամանակին վարվեցին Ուկրաինայի հետ։
Վոլոդինը նշել է, որ Ուկրաինայի եվրաինտեգրմանն աջակցելու հիմնական պատճառներից մեկը համարվում էին «զարգացման հեռանկարները», սակայն ուկրաինական գյուղմթերքը, նրա պնդմամբ, այդպես էլ լիարժեք հասանելիություն չստացավ ԵՄ շուկային՝ սակագնային քվոտաների պատճառով։ Նա կարծում է, որ նույն սցենարը կարող է սպասվել նաև Հայաստանին։
Նա նաև հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բնակչությանը չի հայտնում ԵՄ-ի հետ հնարավոր մերձեցման և ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքների մասին։
Ըստ Վոլոդինի՝ դա կարող է հանգեցնել գազի գնի բարձրացման, Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատման, միգրացիոն կանոնների փոփոխության և ռուսական շուկա հայկական արտադրանքի մատակարարման սահմանափակման։
Նա նաև կարծիք է հայտնել, որ եվրաինտեգրման հնարավոր ծախսերը փորձում են բարդել ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի վրա, իսկ Հայաստանի ղեկավարության որոշումները կարող են պայմանավորված լինել քաղաքական պարտավորություններով։
News.am
