Логотип

Իրանի ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ուժերին զգուշացրել է մոտեցող «X ժամի» մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային հրամանատարությունը զգուշացրել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ նավատորմի դեմ հնարավոր գործողության մոտեցող ժամանակի մասին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԻՀՊԿ-ի հայտարարությանը։

Ավելի վաղ Իրանի պետական ​​IRIB հեռուստառադիոընկերությունը հայտնել էր, որ Իրանի հարավում գտնվող Չաբահար քաղաքի վրա ԱՄՆ-ի հասցրած հարվածների արդյունքում ոչնչացել են երկու նավամատույց և նավերի տեղաշարժի կառավարման աշտարակը։

«Ամերիկացիներն ամեն պահի մոտեցնում են իրենց «X ժամին»՝ տարածաշրջանային ջրերում ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ծովային ստորաբաժանումների դեմ գործողությանը», – ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։

Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

Sputnik Արմենիա