British Petroleum անդրազգային նավթագազային կորպորացիան Ադրբեջանին է փոխանցում երկու ռազմավարական նավթամուղների օպերատորի գործառույթները:
Ինչպես հայտնել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի գծով BP-ի տարածաշրջանային նախագահ Ջո Քրիստոֆոլին, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառավարումը հուլիսի 1-ից կանցնի Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը՝ SOCAR-ին:
Իսկ BP-ի արդյունահանման և գործառնությունների գծով փոխնախագահ Գորդոն Բիրելը հայտարարել է, որ Բաքու-Սուպսա նավթամուղի օպերատորությունը հունիսի 8-ին կփոխանցվի Ադրբեջանի և Վրաստանի կառավարություններին (ակտիվները կվերադարձվեն ազգային հատվածների սեփականատերերին):
Հաղորդվում է նաև, որ «գործառույթների փոխանցման ընթացակարգն առաջ է գնում խիստ ըստ գրաֆիկի»։
Խնդիրն այն է, որ Ադրբեջանը նվազեցնում է նավթի արդյունահանման ծավալները՝ 10 տարում տարեկան միջինում 3,6%-ով: Sputnik Ближнее зарубежье-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ Ֆինանսական համալսարանի և Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի փորձագետ Իգոր Յուշկովը:
«Սրանք զգալի թվեր են, այնպես որ այնքան էլ կարևոր չէ, թե ով է հիմա Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Սուպսա խողովակաշարերի օպերատորը»,-հավելել է նա:
Համապատասխանաբար, Յուշկովի գնահատմամբ, Ադրբեջանում արդյունահանման անկման պատճառով հիմնական նավթամուղները թերբեռնված են, իսկ դրանք բեռնելու համար ներդրումներ են անհրաժեշտ։ Չէ՞ որ որքան քիչ նավթ է անցնում, այնքան ավելի թանկ է նստում յուրաքանչյուր տոննա նավթի մղումը, հետևաբար սակագինն ու ինքնարժեքը կաճեն:
Այնպես որ, BP-ի դերը նվազում է, թեև այն կմնա բաժնետերերի կազմում:
Sputnik Արմենիա
