ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին պատգարակով են տարել դատարան։ Խաչատրյանի փաստաբանական խումբը կադրեր է հրապարակել` նշելով, որ նրա բուժման համար ներպետական իրավական հասանելի միջոցները փաստացի սպառվել են, իսկ նախկին պաշտոնյայի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։
Կառավարության վերջին նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործին՝ շեշտելով, թե դատավորը միտումնավոր է գործն այնքան ձգձգել, որ հասնի թոշակի գնալու տարիքին։ Այսօր հայտնի դարձավ, որ Խաչատրյանը ձերբակալվել է և տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտե։ Դատախազությունը հայտարարեց, որ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների արդյունքներով արձանագրվել է, որ Խաչատրյանը կարիք չի ունեցել վիրահատական միջամտության, դրա անհրաժեշտությունը ներկա պահին կարող է դիտարկվել նրա` ՄՌՏ հետազոտության ենթարկվելուց հետո, բայց Խաչատյանը հրաժարվել է ՄՌՏ հետազոտությունից:
Անհրաժեշտության դեպքում վիրահատությունը հնարավոր է կատարել ՀՀ բժշկական հիմնարկությունների մասնագիտացված բաժանմունքներում:
Փաստաբանները նշել են, որ 71-ամյա Խաչատրյանը չի ստանում իր առողջական վիճակին համապատասխան պատշաճ բժշկական օգնություն։ Պաշտպանական կողմը նրա նկատմամբ վերաբերմունքը որակում է անմարդկային և պնդում, որ այն հասնում է խոշտանգման։
Ըստ փաստաբանների՝ միայն վերջին երեք ամսվա ընթացքում Խաչատրյանը երկու անգամ կիսագիտակից վիճակում և պատգարակով է տեղափոխվել քննչական գործողությունների մասնակցելու։ Ըստ նրանց՝ չնայած նրա ծանր առողջական վիճակին՝ քննչական գործողությունները շարունակվել են օրեր շարունակ։
«Դեռ 2015 թվականին Խաչատրյանի մոտ ախտորոշվել է ողնաշարի ստենոզ։ Նրա պարանոցային ողնաշարում տեղադրված են հատուկ իմպլանտներ, որոնք, փաստաբանների պնդմամբ, Հայաստանում չեն կիրառվում։ Բժիշկների և դատաբժշկական փորձագետների եզրակացությունների համաձայն՝ նրան անհրաժեշտ է անհետաձգելի վիրահատական միջամտություն, որը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել համապատասխան մասնագետների, գործիքների և տեխնիկական պայմանների բացակայության պատճառով»,– ասված է հայտարարության մեջ։
Փաստաբանները նաև նշում են, որ դեռ 2020 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջամտությունից հետո ՀՀ իշխանություններից պահանջվել էր ապահովել Խաչատրյանի պատշաճ բժշկական խնամքն ու բուժումը։
Նրանք նշել է, որ այժմ ՄԻԵԴ-ում քննվում է նրա անունից ներկայացված երկու դիմում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ՝ կյանքի իրավունքի, և 3-րդ՝ խոշտանգումների արգելքի հոդվածների հիմքով։ Ըստ պաշտպանական կողմի՝ երկու դիմումներն էլ հաղորդակցվել են ՀՀ կառավարությանը։
Փաստաբանական խումբը հայտնել է, որ մինչ այժմ գիտակցաբար չի հրապարակել Խաչատրյանի ծանր առողջական վիճակը պատկերող կադրերը՝ հարգելով նրա և ընտանիքի անձնական կյանքն ու արժանապատվությունը։ Սակայն ստեղծված իրավիճակում որոշել է դրանք հանրայնացնել՝ ցույց տալու համար, թե ինչ պայմաններում է նա մասնակցում քննչական գործողություններին։
«Հասարակությունը կարող է դրական կամ բացասական վերաբերմունք ունենալ ցանկացած անձի նկատմամբ, սակայն մարդու հիմնարար իրավունքները պայմանավորված չեն նրա նախկին պաշտոնով, հանրային ընկալմամբ կամ առաջադրված մեղադրանքներով»,– ընդգծել են փաստաբանները։
Հիշեցնենք` Խաչատրյանին մի շարք մեղադրանքներ են ներկայացվել` առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում, պաշտոնեական կեղծիք, պաշտոնեական լիազորությունների չարաշահում, փողերի լվացում, կաշառք ստանալ։ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Գործը մակագրվել է Արամ Գրիգորյանին։
Sputnik Արմենիա
