Логотип

Հայ և թուրք գործարարները Կարսում հանդիպել են. ի՞նչ են քննարկել

Հայ և թուրք գործարար շրջանակները հանդիպել են Կարս քաղաքում, որտեղ քննարկվել են համագործակցության հնարավորությունները տրանսպորտի, լոգիստիկայի, զբոսաշրջության և առևտրի ոլորտներում։ Տեղեկությունը հայտնում է PolitiKars կայքը։

Նշվում է, որ հանդիպումը կայացել է Կարսի Առևտրի և արդյունաբերության պալատի (KATSO) նախաձեռնությամբ, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների, Թուրքիայի առևտրային պալատների և ապրանքային բորսաների միության (TOBB) աջակցությամբ։

«Առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Քադիր Բոզանը նշել է, որ տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանի տնտեսական ապագայի համար։ Նա հույս է հայտնել, որ կայացած յուրաքանչյուր հանդիպում կհանգեցնի նոր ներդրումների և բարեկամական կապերի ձևավորման»,–գրում է կայքը։

ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Հայկ Դարբինյանն իր հերթին շեշտել է` երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր հնարավորություններ է ստեղծում տնտեսական համագործակցության համար։

Թուրք և հայ գործարարները նաև փակ ձևաչափով B2B հանդիպումներ են անցկացրել սննդի արդյունաբերության, տեքստիլի, շինարարության, զբոսաշրջության և տեխնոլոգիաների ոլորտներին առնչվող հարցերի շուրջ։

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։

Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։

2022 թվականի հուլիսին Վիեննայում համաձայնություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանը և սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն այդ պայմանավորվածությունները դեռ կյանքի չեն կոչվել։

2022 թվականի հունվարին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։

2025 թվականի սեպտեմբերին Քըլըչը ժամանեց Հայաստան։ ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ կողմերը մտքեր են փոխանակել 2022 թ. հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման շուրջ, հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը։

Sputnik Արմենիա