Логотип

ԱՀԾ․ ԵՄ-ն Հայաստանում արշավ է նախապատրաստում Ռուս ուղղափառ եկեղեցու դեմ

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) հայտարարել է ԵՄ–ի կողմից Հայաստանում Ռուս ուղղափառ եկեղեցու դիրքերը թուլացնելու և Ռուս ուղղափառ եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի վրա ճնշում գործադրելու փորձերի մասին։

Ինչպես պնդում են ԱՀԾ մամուլի ծառայությունից, եվրոպական կառույցները թեմի ներկայացուցիչների դեմ կոմպրոմատներ են պատրաստում՝ նպատակ ունենալով ՀՀ իշխանություններին դրդել լայնածավալ հալածանքներ սկսել թեմի նկատմամբ։

«ԱՀԾ–ի տեղեկություններով`այսպես կոչված եվրոպացի գործընկերներն այժմ կոմպրոմատ են պատրաստում Ռուս ուղղափառ եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի այլ ներկայացուցիչների դեմ, որպեսզի դրդեն ՀՀ իշխանություններին թեմի նկատմամբ լայնածավալ հալածանքներ սկսել», – ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը որպես օրինակ բերել է Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի Միքայել Հրեշտակապետի մատուռի հոգևոր հովիվ տեր Տիմոֆեյ քահանա Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակը։ ԱՀԾ–ն հայտարարել է, որ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ոչ պետական կազմակերպությունները մեղադրել են հոգևորականին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին միջամտելու մեջ։

Բացի այդ, Եվրամիությունը փորձում է սահմանափակել Ռուս ուղղափառ եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի գործունեությունը, այդ թվում՝ զրկել նրան եկեղեցական գույքն օգտագործելու իրավունքից և խոչընդոտել տեղական կրոնական կազմակերպությունների, առաջին հերթին՝ Հայ առաքելական եկեղեցու հետ փոխգործակցություն իրականացնել։

ԱՀԾ–ն հայտարարել է նաև, որ ԵՄ–ի ղեկավարությունը Ռուսաստանի հետ Հայաստանի կրոնական և հոգևոր կապերի խզումը դիտարկում է որպես հանրապետության հետագա եվրոպական ինտեգրման պայման։

«Այս առումով կցանկանայի հիշեցնել ԵՄ պաշտոնյաներին, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների պատմությունն անհամեմատ ավելի հին է, քան Եվրամիության պատմությունը։ Մեր եղբայրական ժողովուրդների հոգևոր և կրոնական կապերն ավելի խոր ու ամուր են ցանկացած քաղտեխնոլոգիական նախագծերից։ Դրանք շատ բան են վերապրել, առավել ևս կվերապրեն հարազատություն չիմացող ԵՄ անդամների հարձակումները, որոնք վաղուց են մերժել իրենց մշակութապատմական ինքնությունը», – ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև դարավոր կապերը կպահպանվեն՝ անկախ արտաքին ճնշումներից։

Sputnik Արմենիա