Логотип

Միքայել սրբազանի գործով դատական հերթական նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ հունիսի 3–ին, դատավոր Էդգար Մանասյանի նախագահությամբ շարունակվում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավճռի դեմ բողոքների քննությունը։

Դատավճռի դեմ բողոք ներկայացրել է թե՛ պաշտպանության, թե՛ մեղադրանքի կողմը։ Պաշտպանության կողմը պահանջում է բեկանել առաջին ատյանի դատավճիռը և կայացնել արդարացման ակտ՝ ճանաչելով և հռչակելով Միքայել Սրբազանի անմեղությունը։ Մեղադրանքի կողմը պահանջում է մասամբ բեկանել դատական ակտը և դատապարտել ազատազրկման՝ 2 տարի 6 ամիս ժամկետով։

Հիշեցնենք, որ Միքայել Սրբազանը մեղադրվում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված կոչեր հնչեցնելու մեջ։ Ըստ վարույթի նյութերի՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցների ընթացքում հայտարարել է, թե պետք է ռազմական հեղաշրջում կատարել, մինչդեռ, վիճարկվող հայտարարություններում իրավապահները հանցակազմ չէին տեսել, քրեական վարույթ չէին նախաձեռնել և հիշել են միայն երկու տարի անց՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀԱԵ-ի թիրախավորմանը զուգահեռ կամ դրան հաջորդելով։

Քրեական վարույթը նախաձեռնվել է 2025թ․ հունիսի 17-ին։ Քրեական գործի հարուցումից օրեր անց, առանց Սրբազանին ծանուցելու, հունիսի 26-ին նախ ներխուժել է Շիրակի թեմի առաջնորդարան՝ խուզարկությունների, ապա՝ զինված ներխուժել են Վեհարան, որտեղ քահանայաց ժողով էր ընթանում՝ փորձելով բեմադրությամբ ձերբակալություն իրականացնել, ինչը չի հաջողվել, քանի որ Սրբազանն ինքնակամ է ներկայացել։

News.am