Логотип

Արթիկում ՔՊ-ականների կողմից «Հայաստան» դաշինքի աջակցին ծեծելու առթիվ քրգործ է հարուցվել

Արթիկում տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Տեսանյութում երևում է, որ մի տղամարդ մեքենայում վարորդի հատվածում նստած է ու մի քանի անձ հարվածներ են հասցնում նրան։ Մի փոքր անց, երիտասարդներից մեկը նստում է այդ մեքենան` վարորդի կողքի նստատեղին, ու սկսում բռունցքներով հարվածել նրան։

«Արթիկում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելը)»,– նշեց Ավդալյանը։

Հիշեցնենք՝ օգտատերերը հայտնել էին, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 2-ին։ Ըստ որոշ տեղեկությունների` ծեծի ենթարկողը` ՔՊ ցուցակով պատգամավորի թեկնածու Ժաննա Ասատրյանի որդին` Սիփան Գրիգորյանն իր ընկերների հետ հարձակվել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հակոբ Հարությունյանի վրա։ Կադրերում անձամբ Ժաննա Ասատրյանն էլ է երևում։

Հունիսի 2-ին Մասիս համայնքի Նոր Կյուրին գյուղում էլ ՔՊ աջակիցները հարձակվել էին «Ուժեղ Հայաստան» դաշինքի թիմակիցների վրա։ Դեպքի առնչությամբ ՔԿ–ում 2 հաղորդում է ստացվել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության, խուլիգանության, ինչպես նաև քարոզչություն կատարելուն խոչընդոտելու հատկանիշներով: