Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» դաշինքը հավատարիմ է Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին և կառուցելու է նորմալ հարաբերություններ ՌԴ–ի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության վարչության անդամ Նարեկ Կարապետյանը։
«Կլինեն նորմալ հարաբերություններ մեր տնտեսական և պաշտպանական պայմանավորվածությունների շրջանակներում։ Հայ հասարակությունը հարցեր ունի Ռուսաստանին, որոնց պատասխանները, համոզված ենք, կստանանք։ Կստանանք նաև գործողություններ, որոնք կամրապնդեն մեր հարաբերությունները. մեր հասարակությունը սպասում է դրան։ Մենք հավատարիմ ենք բոլոր այն պայմանավորվածություններին, որոնք մեր երկիրը ստորագրել է նախկինում և հետևողականորեն գնալու ենք այդ ուղղությամբ»,- շարունակել է Կարապետյանը։
Անդրադառնալով Ռուսաստան հայկական արտադրանքի որոշ տեսակների ներմուծման արգելքի թեմային՝ Կարապետյանը հայտարարել է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի հարաբերությունների սառեցում չլինի և «լավ առևտրային հարաբերությունները պահպանվեն»։
«Մենք չափազանց փոքր երկիր ենք, որևէ բլոկային դիմակայության մաս դառնալու համար»,- եզրափակել է Նարեկ Կարապետյանը։
Sputnik Արմենիա
