Ես եկել եմ աշխատանքի մոտավորապես 9-ին, այստեղ ժամը 7:30-ից մարդիկ են եղել, որոնք չեն ներկայացրել, թե կոնկրետ ո՞ր ծառայությունից են, որտեղ են աշխատում. Նրանք պահակային ծառայության բոլոր աշխատակիցներին դուրս են հրավիրել, իրենք ներսում շուրջ վեց հոգի են, հետո մեկն էլ եկավ, ինչ-որ գործողություններ են կատարում։ Այս մասին հայտնել է «Մուլտի տաբակ» ընկերության գլխավոր տնօրեն Ջուլիետա Մարգարյանը։
«Թդ ի՞նչ են կատարում, ինչու, տեղյակ չենք։ Ավելին ասեմ, կազմակերպությունը շուրջ երեք ամիս է ընդհանրապես չի աշխատում, աշխատակիցները գտնվում են հարկադիր պարապուրդում։ Վերջին շրջանում նաև այստեղ բյուջեի վերստուգում էր, բոլոր գործողությունները կատարել են, ամեն ինչ վերցված էր, ինչ է սա չեմ կարող ասել։
Հիմա ներսում ընդհանրապես մեր աշխատակիցներից ոչ ոք չկա, անգամ ես գլխավոր տնօրենն եմ, դուռը ծեծեցինք, ոչ ոք չմոտեցավ, դուռը չբացեց և մեզ իրազեկ չարեցին, թե ովքեր են, ինչ են անում, և ինչու»,–ասաց նա։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ հուլիսի 6–ի վառ առավոտյան խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը։ Ավելի ուշ ԲՀԿ առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել էր, որ լայնածավալ խուզարկություններ են իրականացվում նաև «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։
ԲՀԿ անդամ Արման Աբովյանը հայտնել էր, որ Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ–որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են։ Ավելի ուշ Աբովյանը նոր տեսանյութ է տարածել Ծառուկյանի տան դիմացից՝ նշելով, որ վերևում դրոններ են աշխատում. «Որոշ տվյալներով նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող կամ նրա հետ կապ ունեցող վայրեր են մտել խուզարկության. Խոսքը վերաբերում է Կոնյակի գործարանի, Օլիմպավանի, «Մուլտի վելնես» ընկերության մասին է»։
Այս առնչությամբ Քննչական կամիտեից NEWS.am-ին միայն հայտնել էին. «Քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, ավելի ուշ հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել ԿԸՀ՝ Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիությունը հաղթահարելու, որն այդպես էլ չէր քննարկվել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավում սպառնացել էր ունեզրկել ու կալանավորել իր ընդդիմախոսներին։ Մասնավորապես, խոսքը Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի մասին էր։
