Հայաստանի ներկայացուցիչները հունիսի 27-ից հուլիսի 3-ը Բուլղարիայի Վառնա քաղաքում մասնակցել են Եվրոպայի աշխարհագրություն միջազգային 12-րդ օլիմպիադային և մեկ բրոնզե մեդալ նվաճել: Բրոնզե մեդալին արժանացել է «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Միքայել Դարբինյանը, հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Հայաստանի թիմում ընդգրկված էին նաև «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Էրիկա Հարությունյանը և Սարգիս Խալաթյանը, ինչպես նաև Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Սամվել Խաչատրյանը և Գյումրու ակադեմիական վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Սամվել Մխիթարյանը։
Թիմը մարզել են Վարդան Ասատրյանը (ԵՊՀ, «Քվանտ» վարժարան), Սաթի Հայրապետյանը (Լյուքսեմբուրգի Բիզնես Դպրոց) և Հայկ Անտոնյանը (Լյուվենի Համալսարան)։
Եվրոպայի աշխարհագրության միջազգային օլիմպիադան, որը համարվում է միջազգային օլիմպիադայի դուստր ստուգատես, անցկացվել է երեք փուլերով` գրավոր, դաշտային և մուլտիմեդիա։ Այն, ըստ կարգի, անցկացվում է բացառապես անգլերեն լեզվով։ Օլիմպիադային, ընդհանուր առմամբ, 20 երկրի 97 աշակերտ է մասնակցել:
Նովոստի-Արմենիա
