Логотип

Գագիկ Սուրենյան․ Հուլիսի 9-ից անցնում ենք բուն ամառային ռեժիմի

Հուլիսի 9–ից 10–ն անմիջապես հարավից Հայաստան կներթափանցեն արևադարձային տակ օդային հոսանքներ, ինչի արդյունքում ցերեկային ժամերին հանրապետության ողջ տարածքում, հուլիսի 8 համեմատ, ջերմաստիճանը կբարձրանա 6-ից 8 աստիճանով։ Այս մասին հայտնել է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Հուլիսի 9–ից անցնում ենք բուն ամառային ռեժիմի։ Ամենատաք գոտին կլինի Արարատյան դաշտը և Երևանը, որտեղ հուլիսի 10–ին և 11–ին կգրանցվի 36– 37 աստիճան տաքություն»,–ասաց Սուրենյանը։

Նրա խոսքով` կդադարեն տեղումները հանրապետության մեծ մասում։ Հուլիսի 9-ից 14–ն ընկած ժամանակահատվածում կդիտվի առանց տեղումների եղանակ, բացառություն կկազմեն միայն հյուսիսային առանձին շրջաններ, հատկապես Շիրակը, Լոռին և Տավուշը, որտեղ երեկոյան առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրևներ։ Մյուս շրջաններում կդիտվի առանց տեղումների եղանակ։

Սուրենյանը հիշեցրել է, որ այսօր՝ հուլիսի 8–ին, Հայաստանը կշարունակի գտնվել Սև ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում օրվա ընթացքում ժամանակ առ ժամանակ որոշակի դադարներով անձրևները կշարունակվեն։ Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Այսօր կշարունակվի հյուսիս-արևմուտքից ցուրտ օդային հոսանքների ներհոսքը, ինչի արդյունքում կպահպանվի նորմայից ցածր ջերմաստիճանը։

Sputnik Արմենիա