Логотип

Դեսպան․ Փաշինյանին կսպասենք Թեհրանում. ռազմավարական գործընկերության փաստաթղթեր կստորագրվեն

Իրանը կողջունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Իսլամական Հանրապետություն, որտեղ կողմերը կկարողանան ստորագրել մի փաստաթուղթ, որը նոր հնարավորությունների պատուհան կբացի հարաբերությունների հետագա զարգացման համար տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, ինչպես նաև անվտանգության և պաշտպանության ոլորտներում։ Այս մասին հուլիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։

Դիվանագետը պարզաբանել է, որ Թեհրանը լրջորեն և վճռականորեն տրամադրված է հայ-իրանական ռազմավարական գործընկերության ինստիտուցիոնալացման հարցում՝ հղում անելով տարբեր մակարդակներում արված համապատասխան հայտարարություններին։

Դեսպանը հիշեցրել է, որ վերջերս Թեհրանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մատնանշել է այս ուղղությամբ հնարավորինս շուտ արդյունքի հասնելու կարևորությունը։

«Իրանը հետևողականորեն և վճռականորեն աշխատում է Հայաստանի հետ համապարփակ գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման ուղղությամբ։ Փաստաթուղթը գտնվում է ուսումնասիրման և կազմման փուլում։ Մենք հույս ունենք հնարավորինս շուտ ավարտել այս փուլը և անցնել ստորագրման փուլին», — ընդգծել է Շիրղոլամին։

News.am