Логотип

«Արարատցեմենտ» գործարանի աշխատանքը վերսկսվել է

«Արարատցեմենտ» գործարանի աշխատանքը վերսկսվել է։ Այս պահին աշխատակիցները գալիս են աշխատանքի։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արարատցեմենտի» աշխատակիցներն այսօր առավոտից բողոքի ակցիա էին անում գործարանի մոտ։ Արդեն 4-րդ օրն է, ինչ աշխատակիցները հարկադիր պարապուրդում են։

Նշենք, որ ակցիայի ընթացքում գործարանի գլխավոր տնօրենի ԺՊ Արտյոմ Պողոսյանը հայտարարեց, որ արտադրական գործընթացը կվերսկսվի նախաքննական մարմնի հետ բանակցությունների արդյունքում։

«Իմ աշխատավարձն իմ ձեռքից առնում են, չեն թողում` իմ նաֆարը ես պահեմ։ Մարդիկ հիմա վարկեր պիտի մուծեն։ Ամիսը լրանում է։ Որտեղի՞ց պիտի մուծենք։ Թող գան, պատասխան տան դրա համար։Կանգնեցրել են ահռելի գործարանը, բոլոր շինարարների գործը դադարեցրել են ցեմենտի պատճառով, ո՞վ է պատասխան տալու, ո՞նց եք իրենց ընտանիքներին ապահովելու»,–ասաց բանվորներից մեկը։

Լրագրողի դիտարկմանը, թե հայտարարում են, որ մարդիկ պատվերով են բողոքի ակցիա անում, աշխատակիցը նշեց, որ ինքն իր կամքով է եկել, քանի որ 1974 թվականից աշխատում է այդ գործարանում, և նման խնդրի երբեք չեն բախվել։

Ավելի ուշ գործարանի տարածք եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։

Նա նշեց, որ եկել է գործարան, որպեսզի հասկանան, թե ինչ կարող են անել, որպեսզի իրավական պրոցեսները չխանգարեն արտադրությանը։

«Կարծում եմ, որ կկարողանանք այնպիսի կոնֆիգուրացիա ստեղծել, որ իրավական պրոցեսները ոչ մի դերակատարում չունենան արտադրության պրոցեսի շարունակականությանը»,–ասաց նա։

Լրագրողի հարցին, թե ինչու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատելու սպառնալիքով էր դիմում «Արարատցեմենտի» այն աշխատակիցներին, որոնք այսօր բողոքի ակցիա են անում, փոխնախարարը սկզբում ասաց, որ Փաշինյանին չի մեկնաբանում, այնուհետև հավելեց, որ վարչապետը միշտ ճիշտ է։

«Ես վարչապետին չեմ մեկնաբանում։ Նիկոլ Փաշինյանն իմ առաջնորդն է, ինքն ինչ ասում է, ճիշտ է ասում»,–ասաց Զաքարյանը։

Ավելի ուշ` աշխատանքային քննարկումից հետո, Զաքարյանը լրագրողներին հայտնեց, որ մի քանի ժամից փոքրիկ տեխնիկական խնդիրները կվերացվե,ն և գործրանը վաղվանից կանցնի իր բնականոն աշխատտանքին։

Հուլիսի 6-ին վաղ առավոտյան ՀՀ քննչական կոմիտեն սկսեց լայնածավալ խուզարկություններ իրականացնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանն ու նրան պատկանող օբյեկտներում։ Խուզարկություններից հետո բոլոր օբյեկտները, այդ թվում՝ «Արարատցեմենտ» գործարանի դռները, կապարակնքված են։

Sputnik Արմենիա