Логотип

ՀՀ ԱԺ 13 կին պատգամավորներ կոչ են անում վերացնել Արեգնազ Մանուկյանի կալանքը

ՀՀ ԱԺ 13 կին պատգամավորներ խորը մտահոգություն են հայտնում «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի կիրառման առնչությամբ և պահանջում անհապաղ վերանայել խափանման միջոցը։ Պատգամավորները հայտարարություն են տարածել։

Հունիսի 9-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ) բավարարեց ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Արեգնազ Մանուկյանին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը, որը ներկայացրել էր ՀՀ քննչական կոմիտեն։

«Հաշվի առնելով փաստի հանրային հնչեղությունը, Արեգնազ Մանուկյանի՝ քաղաքական-հասարակական գործունեությունը, անչափահաս երեխա ունենալու հանգամանքը, ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության սկզբունքները՝ կոչ ենք անում կիրառել ազատությունից զրկելու հետ չկապված այլընտրանքային խափանման միջոց։ Ապահովել քրեական վարույթի ամբողջ ընթացքում օրենքի, արդար դատաքննության և մարդու իրավունքների միջազգային չափանիշների լիարժեք պահպանումը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նրանք կոչ են անում ապահովել Արեգնազ Մանուկյանի կալանքից ազատ արձակումը՝ կիրառելով խափանման ավելի մեղմ, այլընտրանքային միջոց։
Հայտարարության տակ ստորագրել են ԱԺ «Հայաստան դաշինք» խմբակցության 11 պատգամավորներ` Լիլիթ Գալստյանը, Իրինա Գասպարյանը, Աննա Գրիգորյանը, Ագնեսա Խամոյանը, Արմինե Խերանյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Ասպրամ Կրպեյանը, Զեմֆիրա Միրզոևան, Արփինե Վարդանյանը, Էլինար Վարդանյանը, Քրիստինե Վարդանյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը և անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը (անկուսակցական)։

Հիշեցնենք, որ Արեգնազ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեջ։ Նա հենց երեկ դատարանի դահլիճից տեղափոխվել է «Աբովյան» ՔԿՀ։

Sputnik Արմենիա