ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ՀՀ 3–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի շուրջ տեղի ունեցող գործընթացները կապում է իշխանության՝ ընդդիմադիր քաղաքական ուժերին և գործիչներին չեզոքացնելու փորձի հետ։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում։
Օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսել են խուզարկություններ իրականացնել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։
«Այսօր Քոչարյանների ընտանիքն է, վաղը մեկ այլ մարդու ընտանիք կլինի»,– ասաց Սաղաթելյանը։
Պատգամավորի խոսքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց 3-րդ հանրապետությունը վերջնականապես կազմաքանդելու, Արցախի հանձնումն ու էթնիկ զտումը լեգիտիմացնելու և Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջով այսպես կոչված 4-րդ հանրապետություն ստեղծելու մասին։ Սաղաթելյանի գնահատմամբ՝ այդ ճանապարհին իշխանությունը փորձում է չեզոքացնել բոլոր այն ընդդիմադիր օջախներն ու քաղաքական ուժերը, որոնք կարող են խոչընդոտել իր ծրագրերի իրականացմանը՝ նրանց ձերբակալելով և սեփականությունից զրկելով։
«Չեմ կարծում, որ այս գործընթացն այս գիշեր է պլանավորվել, բայց երեկ հայտարարեց, այսօր արեցին։ Հիմա մեկ ուրիշի հետ կապված կհայտարարի, մեկ ուրիշի հետ կանեն»,– ասաց նա։
Պատգամավորն անդրադարձավ նաև Փաշինյանի՝ դատական համակարգի վերաբերյալ հայտարարություններին՝ պնդելով, որ վարչապետը դժգոհում է այն հանգամանքից, որ ուժային կառույցները կատարում են իր հրահանգները, իսկ դատարանների դեպքում նույնը տեղի չի ունենում։
«Ինքը բողոքում էր, որ ուժային կառույցներն անվերապահորեն կատարում են իր ապօրինի հրահանգները՝ բացառությամբ դատարանների, և այդ դատարանների հարցը պետք է լուծել։ Դատավորներին ասում էր՝ եթե իմ ասածները չեք անում, ուրեմն նախկիններից կաշառք եք վերցնում»,– հայտարարեց Սաղաթելյանը։
Հիշեցնենք` ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` Ռոբերտ Քոչարյանից ու նրա որդուց` Սեդրակ Քոչարյանից բացի, ևս 4 անձ է ձերբակալվել։
Sputnik Արմենիա
