Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում մի քանի թեկնածուի անուն է շրջանառվում, բայց ամենահավանական թեկնածուն համարվում է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը: Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը:
Նշենք, որ օրեր առաջ ԶԼՄ-ները գրում էին, որ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել հետ կանչել ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանին:
«Առնվազն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն առավել հակված է Մնացական Սաֆարյանին «գործուղել» Ռուսաստան: Բանն այն է, որ Սաֆարյանը, ի թիվս այլ ուղղությունների, փաստացի համակարգում է նաև Եվրասիական տարածաշրջանի (Ռուսաստան, ԱՊՀ այլ երկրներ) ուղղությունը: Ասում են, որ նա նորմալ կապեր ունի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ռուսաստանի քաղաքական ու դիվանագիտական դաշտի այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ»,- գրում է թերթը:
Ըստ պարբերականի՝ վերջերս Մնացական Սաֆարյանը Հայաստանը ներկայացրել է «Բազմակողմ ուղիներ. կարգի վերականգնում թուլացող բազմակողմ համակարգում» խորագրով և Դուբրովնիկիի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև. բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով պանելային քննարկումներին։
Բացի այդ, թերթի տեղեկություններով Արարատ Միրզոյանը ԱԳ նախարարի տեղակալի նոր թեկնածու ունի, սակայն անունը դեռևս չի շրջանառվում:
Sputnik Արմենիա
