Логотип

Lինդսի Գրեմի մահից հետո Կիևը կորցրել է Թրամփի վրա ազդեցություն ունեցող իր գլխավոր անձանցից մեկին

Ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեմի մահից հետո Ուկրաինան զրկվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ փոխգործակցության ամենաարդյունավետ խողովակներից մեկից։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Գործակալության տվյալներով՝ Կիևում սենատորի մահն ընդունել են որպես լուրջ կորուստ, քանի որ Թրամփի նախագահության երկրորդ ժամկետի մեծ մասի ընթացքում Գրեմը հանդես է եկել հօգուտ Ուկրաինային ամերիկյան ռազմական աջակցության պահպանման՝ չնայած ԱՄՆ նախագահի և Վլադիմիր Զելենսկու միջև առկա բարդ հարաբերություններին։

«Սենատոր Լինդսի Գրեմի մահը ԱՄՆ առանցքային դաշնակիցներին, ինչպիսին է Ուկրաինան, որը ժամանակ առ ժամանակ դժվարություններ էր ունենում Թրամփի վարչակազմի վրա ազդելու հարցում, թողեց առանց Սպիտակ տան հետ կապի իրենց ամենաարդյունավետ խողովակներից մեկի», — գրում է Bloomberg-ը։

Գործակալությունը նշում է, որ 2022 թվականից ի վեր Գրեմը տասը անգամ այցելել է Ուկրաինա, իսկ նրա վերջին այցը տեղի է ունեցել մահից ընդամենը մի քանի օր առաջ։

Bloomberg-ի կարծիքով՝ այժմ Կիևը և Վաշինգտոնի մյուս դաշնակիցները ստիպված կլինեն փնտրել նոր քաղաքական գործիչների, որոնք ունակ կլինեն արդյունավետորեն ներկայացնել ԱՄՆ-ում իրենց շահերը։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, դա անելը հեշտ չի լինի, քանի որ Գրեմը համատեղել է Սենատում ունեցած ազդեցությունը, Դոնալդ Թրամփի հետ սերտ հարաբերությունները, համաշխարհային առաջնորդների հետ կապերը և երկու կուսակցությունների ներկայացուցիչների հետ փոխգործակցելու կարողությունը։

Գործակալության զրուցակիցներից մեկը հայտարարել է, որ Կիևում սենատորի մահն ընդունել են որպես «մեծ կորուստ՝ ի դեմս այն եզակի հանրապետականի, որն անկեղծորեն աջակցում էր Ուկրաինային և ամեն ինչ անում նրան օգնելու համար»։

Լինդսի Գրեմը մահացել է հուլիսի 11-ին՝ 71 տարեկան հասակում։ Նա Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման մասին օրինագծի հեղինակներից էր, որը, մասնավորապես, նախատեսում էր երկրորդային պատժամիջոցների սահմանում այն երկրների նկատմամբ, որոնք գնում են ռուսական նավթ, գազ, ուրան և այլ ապրանքներ։ Բացի այդ, սենատորն ակտիվորեն աջակցում էր Իսրայելին և հանդես էր գալիս Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական արշավի օգտին։

News.am