Логотип

Աշխատակից․ Հյուրանոցներում զբոսաշրջիկներ կային, բիրտ ուժ կիրառելով հանել են մարդկանց նախաճաշի ժամին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ձեռնարկությունների աշխատանքի կասեցման դեմ բողոքի ալիքին են միացել նաև հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչները։ «Մուլտի Գրանդ» էլիտար հյուրանոցի աշխատակիցները հուլիսի 13-ին դուրս են եկել ակցիայի՝ պահանջելով բացել հյուրանոցային համալիրը։ Նրանք հայտարարել են, որ բողոքի ակցիաները կշարունակվեն նաև Ծաղկաձորում, որտեղ պարապուրդի են մատնված հոլդինգի մյուս զբոսաշրջային օբյեկտները։

Հյուրանոցի աշխատակիցներից Հովսեփ Ստեփանյանը լրագրողներին պատմել է շենքի կապարակնքման ժամանակ իրավապահների կոպիտ գործողությունների մասին, որոնք, ըստ նրա, հսկայական վնաս են հասցրել զբոսաշրջության ոլորտում Հայաստանի միջազգային հեղինակությանը. «Երբ նրանք ներս մտան, մեր բոլոր երեք հյուրանոցներում էլ շատ զբոսաշրջիկներ կային, այդ թվում՝ արտասահմանցիների մեծ խմբեր։ Մարդկանց բառացիորեն փողոց էին հանում հենց նախաճաշի ժամանակ՝ ռեստորանային սրահներից, ընդ որում՝ շատ բիրտ ձևով։ Արտասահմանյան գործընկերներից ոմանք ըմբռնումով մոտեցան իրավիճակին, բայց մյուսներն այժմ մեծ փոխհատուցումներ են պահանջում ձախողված հանգստի համար»։

Ստեփանյանի խոսքով՝ «Մուլտի Գրանդ» հյուրանոցը, լինելով տարածաշրջանի լավագույններից մեկը, ակտիվորեն աշխատում է Ռուսաստանի, Պակիստանի, Իսրայելի, Չինաստանի, Կորեայի և ասիական այլ երկրների շուկաների հետ։ Համալիրի փակումը տապալել է դեռևս մեկ տարի առաջ պլանավորված ամրագրումները, հարսանիքները, համաժողովներն ու տուրերը։

«Մեր գլխավոր նպատակն է ստիպել իշխանություններին վերանայել այս որոշումը և բացել հաստատությունները, չէ՞ որ ահռելի թվով աշխատակիցներ հայտնվել են փողոցում։ Հյուրանոցի փակումը բացառապես քաղաքական բնույթ է կրում։ Գագիկ Ծառուկյանն աշխատատեղեր է ստեղծել ավելի քան 10 հազար մարդու համար, ովքեր ընտանիքներ են պահում, նա բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացրել։ Մենք խնդրում ենք վարչապետին մեղմել իրավիճակն այն ամենի շուրջ, ինչ ստեղծվել է տարիների ընթացքում, և մեզ հնարավորություն տալ մեր սիրելի աշխատանքին վերադառնալու համար», — եզրափակել է Հովսեփ Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններում և առանձնատանը լայնածավալ խուզարկությունները սկսվել էին հուլիսի 6-ին, ինչից հետո նա ձերբակալվել ու կալանավորվել էր։ Գործը վերաբերում է 2022-2024 թվականներին կատարված խարդախություններին և փողերի լվացմանը։

News.am