Логотип

Հայ դպրոցականները 5 մեդալ են նվաճել Ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայում

Հայաստանի դպրոցականների թիմը 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել հուլիսի 4-12-ը Կոլումբիայի Բուկարամանգա քաղաքում տեղի ունեցած ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայում:

Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Օլիմպիադան անցկացվել է փորձնական և տեսական փուլերով․ մասնակցել են 91 երկրների 400-ից ավելի ներկայացուցիչներ։

Հայաստանյան թիմը ներկայացրել են Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Գոռ Հովսեփյանը, 11-րդ դասարանի աշակերտ Էդգար Բաղմանյանը, ՀԱՊՀ ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Գառնիկ Գավալջյանն ու Էմիլ Հարությունյանը, «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սամվել Հարությունյանը։ Արծաթե մեդալների են արժանացել Գոռ Հովսեփյանը և Գառնիկ Գավալջյանը, բրոնզե մեդալների՝ Էդգար Բաղմանյանը, Էմիլ Հարությունյանը և Սամվել Հարությունյանը։

Հիշեցնենք, որ ֆիզիկայի 55-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր Փարիզում, Հայաստանի թիմն արժանացել էր 2 բրոնզե մեդալի և 2 գովասանագրի։

Sputnik Արմենիա