Արգենտինացի փաստաբան Լուսիանա Մինասյանը երեկ հաղորդագրություն հրապարակեց արդեն շուրջ 6 տարի Բաքվի բանտում պահվող հայ գերիներից մեկի ծանր վիճակի մասին: Խոսքը Աարցախյան առաջին ազատամարտի և 44-օրյա պատերազմի մասնակից Լյուդվիգ Մկրտչյանի մասին է։ Ալյոշա Խոսրովյանի հետ միասին նա գերեվարվել է 2020 թվականի հոկտեմբերի վերջին, երկուսն էլ մեղադրվել են «ադրբեջանցի գերիներին խոշտանգելու» շինծու գործով և դատապարտվել 20 տարվա ազատազրկման։
ԱՅՍ ՏԱՐՎԱ ՀՈՒՆՎԱՐԻՆ ԼՈՒՍԻԱՆԱ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԱԾ SOAR ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ Լյուդվիգ Մկրտչյանի հարցով նամակ էր հղել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Տյուրկին: Նամակում նշվում էր միջազգային իրավունքի լուրջ խախտումների մասին և խոր մտահոգություն արտահայտվում Բաքվում ապօրինի բանտարկության պայմաններում Մկրտչյանի վիճակի վերաբերյալ:
Տյուրկից արձագանք չեղավ, համենայնդեպս մամուլում այդ մասին հաղորդագրություններ չկան։ Ինքնին հասկանալի է, որ ՀՀ իշխանությունները քար լռություն պահպանեցին արգենտինահայ փաստաբանի նամակի վերաբերյալ, թեև գոնե նվազագույնս արտահայտած աջակցության դեպքում միանգամայն հնարավոր էր, որ ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի կողմից գոնե ինչ-որ արձագանք լիներ։
Եվ ահա կես տարի անց Լուսիանա Մինասյանն ահազանգում է 56-ամյա գերու առողջական վիճակի մասին։ «2020 թվականից Բաքվի բանտում պահվող Լյուդվիգ Մկրտչյանը, ինչպեսև մյուս հայ գերիները, իր առողջությամբ և կյանքով է վճարում Ադրբեջանի վարած քաղաքականության դիմաց»,- գրել է նա՝ պահանջելով անհապաղ անցկացնել անկախ բժշկական զննում, սրտաբանական ամբողջական հետազոտություն և պատշաճ բուժում:
Փաստաբանը հրապարակել է նաև բժշկական փաստաթղթեր, որոնք ապացուցում են լուրջ և հրատապ բժշկական միջամտություն պահանջող խնդիրների առկայությունը: Եվ կրկին դիմել է Ֆոլկեր Տյուրկին և ԿԽՄԿ-ին՝ անկախ բժիշկների կողմից զննումն անհապաղ ապահովելու և Մկրտչյանին շտապ բուժօգնություն ցուցաբերելու կոչով։
Հիշեցնենք, որ Լուսիանա Մինասյանը նախկինում զբաղվել է լիբանանցի հայրենադարձ Վիգեն Էուլջեքչյանի իրավունքների պաշտպանությամբ, որը նույնպես գերեվարվել էր 2020 թվականի աշնանը և Բաքվի «դատարանի» կողմից դատապարտվել 20 տարվա ազատազրկման: Ծանրագույն փորձությունների և խոշտանգումների ավելի քան 5 տարիներից հետո Էուլջեքչյանին հաջողվեց վերադարձնել այս տարվա հունվարին՝ ֆիզիկական և մտավոր բնույթի բազմաթիվ խնդիրներով։ Այս ամենը կատարվել և կատարվում է Հայաստանի, այսպես կոչված՝ իշխանությունների քար լռության պայմաններում, որոնք արդեն, դատելով ըստ ամենայնի, իսպառ դադարել են նույնիսկ խոսել գերիների մասին, ասես նրանք ընդհանրապես գոյություն չունեն։
ՑՈՒՑԱՆՇԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔ. ԵԹԵ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՆԻԿՈԼԻ ՌԵԺԻՄԸ ԳՈՆԵ ՁԵՎԱՑՆՈՒՄ ԷՐ, թե զբաղվում է հարցով, ապա ի սկզբանե երկաթե տաբու էր դրված Ադրբեջանում գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի թեմայի վրա։ Իշխանությունները կանխում էին վերադարձածների հետ հանդիպումների և հարցազրույցների ցանկացած փորձ՝ անմիջապես մեկուսացնելով նրանց առնվազն լրագրողների հետ շփումից։ Հերթական խմբի վերադարձից հետո ամենաբարձր մակարդակով հայտարարվում էր, թե նրանք առողջական առանձնակի խնդիրներ չունեն, ամեն ինչ կարգին է և բժիշկների միջամտության կարիք չկա, այդպիսով բացառելով նրանց ֆիզիկական և հոգեբանական վիճակի քննարկման բուն հնարավորությունը։
Այդպես էր նաև վերադարձածների ժամանակային առումով վերջին խմբի պարագայում, որոնց թվում էր նաև Վիգեն Էուլջեքչյանը։ Վերադարձից կարճ ժամանակ անց նրա ընտանիքի անդամները սկսեցին հաղորդագրություններ հրապարակել խոշտանգումների և վատ վերաբերմունքի հետ կապված առողջական բարդ խնդիրների մասին: Սակայն այդ խոսակցությունները շատ շուտով կասեցվեցին, և Էուլջեքչյանի առողջական վիճակի մասին տեղեկություններ վերջին շրջանում ընդհանրապես չկան:
Ռեժիմի հրահանգը կտրական կոշտ է. ակնարկ անգամ չպետք է լինի այն մասին, թե ինչ են վերապրել Բաքվի դժոխքից վերադարձածները, որպեսզի ակամայից «չքաշեն» յուզգյար Ալիևին։ Բացի այդ, իշխանություններն այդպիսով փորձում են կանխել նախկին գերիների հնարավոր անհատական դիմումը միջազգային դատական ատյաններ, մասնավորապես՝ ՄԻԵԴ:
Մինչդեռ օրերս հայտնվեց մի հաղորդագրություն, որը կարող է խաթարել խնդիրը միտումնավոր լռության մատնելու հայ հասարակությանը պարտադրված ստատուս քվոն։ Եվ այդ «սպառնալիքը», ինչպես պարզվեց, կապված է ռուս-իսրայելցի հայտնի բլոգեր և լրագրող Ալեքսանդր Լապշինի հետ, որը, ինչպես հայտնի է, առիթը բաց չի թողնում հնարավորինս ցավոտ խայթելու ալիևյան ռեժիմին։
Բանն այն է, որ Լապշինը խախտել է հայկական իշխանությունների գաղտնի արգելանքը և տեսահարցազրույց է հրապարակել հունվարին վերադարձածներից մեկի՝ Գևորգ Սուջյանի հետ, որտեղ վերջինս պատմել է Բաքվի բանտում կրած խոշտանգումների և ծանակման մասին: Հարցազրույցը հրապարակվել է Լապշինի ֆեյսբուքյան էջում: Ի պատասխան՝ ս.թ. ապրիլի 5-ին նրան մերժել են ՀՀ մուտքի վիզա տրամադրել։
Ապրիլի 15-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Լապշինը հայտարարեց, որ մերժման պաշտոնական պատճառը Գևորգ Սուջյանի հետ հարցազրույցն է. «Նա տեսանյութում ինձ պատմեց, թե ինչպես էին իրեն ծեծում ադրբեջանական գերության մեջ։ Ես տեղադրեցի այդ տեսանյութը: Իսկ հիմա ինձ ասում են, թե նման տեսանյութերը, որոնք պատմում են ադրբեջանական բանտերում խոշտանգումների մասին, խաթարում են վստահությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ինչ-որ անհեթեթություն»։
ԼԱՊՇԻՆԸ ԴԻՄԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ: Իսկ հուլիսի 13-ին հայտնեց, որ կոմիտեն դատապարտել է Հայաստանի իշխանություններին երկիր մուտքն արգելելու համար։ «Հայաստանի իշխանությունների կարծիքով, գերու հետ հարցազրույցը՝ Բաքվի բանտում խոշտանգումների և ծանակման մասին նրա պատմությամբ, դժգոհություն է առաջացրել հարևան Ադրբեջանում»,- գրել էր բլոգերը: Եվ հավելել, որ ԵԽ-ում ՀՀ ներկայացուցչին ժամանակ է տրվել մինչև 2026 թվականի օգոստոսի 12-ը՝ մերժման պատճառների վերաբերյալ հանգամանալի և մանրամասն պատասխան ներկայացնելու համար։
Լապշինն ընդ որում նշում է, որ ՀՀ իշխանություններն անտեսում են ԱԱԾ և Գլխավոր դատախազություն ուղղած փաստաբանական հարցումները՝ հուսալով, թե «հիմար» Լապշինը կձանձրանա ու կմոռանա: Եվ հեգնանքով ընդգծում է. «Ոչ, չի մոռանա և հանգիստ չի թողնի, մինչև որ չհասնի հաղթական ավարտի, ինչպես Ադրբեջանի պարագայում՝ իմ օգտին ՄԻԵԴ-ի կայացրած վճռով»:
Այժմ նիկոլական ռեժիմը պետք է բացատրի Լրագրողների պաշտպանության կոմիտեին, թե ինչու է նախկին գերու հարցազրույցն այն մասին, թե ինչպես են Բաքվում վարվել իր հետ, պատճառ դարձել Իսրայելի քաղաքացու մուտքը ՀՀ արգելելու համար։ Իսկ կոմիտեի անդամները թող փորձեն գիտակցել, թե այդ ինչպես է ստացվում, որ հայաստանյան իշխանությունները պատժում են մարդուն, որը կարծես թե գործել է ի շահ Հայաստանի՝ Ալիևի հանցավոր ռեժիմի իրական դեմքը բացահայտելու նպատակով։ Եվ դրանով իսկ ինչ-որ չափով նպաստելու հայ գերիների ազատ արձակմանը կամ առնվազն ուշադրություն հրավիրելու խնդրի վրա։
Սա հենց այն հարցն է, որի բարդությունը լավ հասկանալի է նրանց, ովքեր բոլոր այս տարիների ընթացքում փորձում են օտարերկրացիների ուղեղին հասցնել այն փաստը, որ հայկական իշխանությունները վարում են հակահայկական քաղաքականություն և գործում բացառապես ի նպաստ Ադրբեջանի և Թուրքիայի շահերի: Հաշվի առնելով Լապշինի հայտնի «համառությունը»՝ նիկոլական ռեժիմին դատաքննություն է սպասվում սկզբում Եվրոպայի խորհրդում, իսկ հետո, ինչպես ակնարկեց բլոգերը, արդեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։
Իսկ մինչ այդ իրավապաշտպանների առջև հրատապ կարևորության խնդիր է դրված. փրկել Լյուդվիգ Մկրտչյանին։ Հայ գերիների առողջական խնդիրները, ցավոք սրտի, գնալով ավելի են լրջանալու, ծայրաստիճան արդիականացնելով նրանց ազատ արձակման հարցը՝ անկախ ՔՊ ռեժիմի դավաճան քաղաքականությունից։
