«Մայր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արեգնազ Մանուկյանի գործի վերաբերյալ բողոքարկման աշխատանքներ են տարվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը։
«Երեկ երեկոյան հանդիպել եմ իրեն, լավ էր, տրամադրությունն էլ էր լավ։ Պահման պայմաններից դժգոհություններ չունի։ Խցում իր հետ այլ անձինք էլ կան, նրանցից էլ դժգոհություններ չունի։ Նա միանշանակ պնդում է, որ իր նկատմամբ հետապնդումն իրավաչափ չէ ու քաղաքական շարժառիթով է կատարվել։ Տիկին Մանուկյանը նաև վստահեցնում է, որ ինքը որևէ հանցագործություն չի կատարել»,– ասաց Խուդոյանը։
Նա ընդգծեց, որ նախաքննական գաղտնիքի հարց կա, ուստի գործից այլ մանրամասներ չի կարող հաղորդել։
Խուդոյանը նաև հայտնեց, որ շուտով կհրապարակվի Արեգնազ Մանուկյանի` հանրությանն ուղղված ուղերձը։
Հիշեցնենք` հուլիսի 9-ի վաղ առավոտյան իրավապահները ներխուժեցին Արեգնազ Մանուկյանի տուն և ձերբակալեցին նրան։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտարարեց, որ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու մեջ, և նա 2 ամսով կալանավորվեց։
Իրավապահները Մանուկյանի տուն էին մտել նաև հունիսի 12-ին, խուզարկություն իրականացրել, ապա նրան հրավիրել ՔԿ` հարցաքննության։ Դա արվել էր «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
