Логотип

ՊԵՏԱԿԱՆ ՌԵՅԴԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔ

Ո՞վ է պատասխան տալու Ծառուկյանի ձեռնարկությունների աշխատանքի ապօրինի կասեցման համար։

Խոշոր գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հոլդինգի մեջ մտնող մի քանի տասնյակ ձեռնարկությունների աշխատանքի կասեցումը Քննչական կոմիտեն ներկայացնում է իբրև «քննչական գործողություններ»: Բայց այդ «քննչական գործողությունները» գործնականում հզոր հարված հասցրեցին երկրի տնտեսությանը, աշխատավորների իրավունքներին և ներդրումային մթնոլորտին։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին իրավապահները ժամեր տևած խուզարկություններ են անցկացրել Ծառուկյանին պատկանող առանձնատանը և օբյեկտներում, որից հետո այդ ձեռնարկություններից շատերի գործունեությունը կասեցվել է:

ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԱՌԱՆՁՆԱԿԻ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐՈՎ ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ և ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ: Մանրամասների մեջ չենք խորանա, այդ ամենը հանգամանորեն լուսաբանվել է ԶԼՄ-ներում։ Անձամբ Ծառուկյանն իրեն ներկայացված մեղադրանքներն արդեն անվանել է սուտ, իսկ նրա պաշտպանությունը մատնանշում է ակնհայտ քաղաքական ենթատեքստը։ Եվ իսկապես, այդ ձեռնարկություններում տարիներ շարունակ ստուգումներ են անցկացվել, բայց «խախտումներ» հանկարծ գտան միայն հիմա։ Եթե իրավապահները հարցեր ունեն հոլդինգի ֆինանսական գործունեության վերաբերյալ, ապա օրենքը լիակատար ազատություն է տալիս աուդիտի և փաստաթղթերի առգրավման համար՝ առանց արտադրության կաթվածահարման: Սակայն հետաքննությունը գնաց օբյեկտների համատարած կապարակնքման ճանապարհով, ընթացքում ցուցադրական շոու կազմակերպելով ՝ նաև ապօրինի որսորդության մեջ մեղադրվող Ծառուկյանի առանձնատնից առյուծների ու վագրերի քնեցմամբ ու տեղափոխմամբ, ինչպես նաև այլ վայրի կենդանիների ու թռչունների խրտվիլակների առգրավմամբ։

Հսկայական հոլդինգի արհեստական կաթվածահարումը վայրկենապես հարուցեց մի շարք լուրջ խնդիրներ, որոնց մասշտաբները դուրս են սովորական քրեական գործի շրջանակներից։ Multi Group կոնցեռնի խոշոր բիզնեսն ավանդաբար Հայաստանի խոշորագույն հարկատուների թվում է։ Պարապուրդի մատնված գործարանները, հյուրանոցներն ու այլևայլ բիզնեսը այսօր զրկված են շահույթ գեներացնելու հնարավորությունից, իսկ դա նշանակում է հարկային վճարումների իսպառ դադարեցում, ԱԱՀ-ի, շահութահարկի և սոցիալական վճարների մասհանումների բացակայություն։ Արտահանման պայմանագրերի հնարավոր խափանումն իր հերթին կարող է լուրջ վնաս հասցնել երկրի միջազգային հեղինակությանը։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, գանձարանը համալրելու համար պայմաններ ստեղծելու փոխարեն, իր իսկ ձեռքով բազմամիլիոնանոց ճեղք է ստեղծում դրանում։

Նման գործողությունները պարզապես անընդունելի են մի շարք ձեռնարկությունների համար, որոնք ունեն շարունակական տեխնոլոգիական փուլաշրջան: Խուզարկություններից հետո հոլդինգի բոլոր ակտիվներից այսօր գործում է միայն «Արարատցեմենտ» գործարանը, մնացածը շարունակում են մնալ ուժայինների կապարակնիքների տակ: Արդյունքում արդեն առաջացել են տեխնիկական և տեխնոլոգիական մի շարք լուրջ խնդիրներ։ Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում սարքերի խողովակներում կուտակվել և արգելափակվել են սպիրտի հսկայական ծավալներ, որոնք հնարավոր չէ դատարկել, ինչն ուղղակի սպառնալիք է ստեղծում ոչ միայն գործարանի, այլև հարակից բոլոր թաղամասերի անվտանգության համար: «Փարավոն» ժամանցային համալիրում խողովակների վնասման պատճառով ջրողողում է եղել, իսկ ջրամատակարարման համակարգի հարկադրված ամբողջական փակումը կրիտիկական ռիսկեր է ստեղծել հրդեհային անվտանգության համար: «Մուլտի ուելնես» մարզահամալիրում և «Օլիմպավան» մարզաառողջարարական հեղինակավոր կենտրոնում անջատված են շենքերի օդափոխության և լողավազանների ֆիլտրման համակարգերը: Ավելին, «Օլիմպավանի» արգելափակումը խափանել է Հայաստանի ազգային հավաքականների մարզումները՝ զրկելով մարզիկներին բացառիկ մարզաբազայից:

Ուժային այս գործողությունների արդյունքում Ծառուկյանի ձեռնարկությունների հազարավոր աշխատողներ մեկ օրում փաստացի զրկվել են ապրուստի միջոցներից։ «Մուլտի Տաբակ» գործարանի մոտ 150 աշխատողներ բողոքի ակցիա անցկացրեցին՝ պահանջելով անհապաղ հանել կապարակնիքները և հնարավորություն տալ աշխատելու: Համանման ընդվզում են արտահայտում նաև այլ փակված օբյեկտների՝ Աբովյանում գտնվող Multi Stone քարամշակման գործարանի, Multi Grand (Երևան) և Multi Rest House (Ծաղկաձոր) հյուրանոցների աշխատողները: Վրդովված քաղաքացիները հայտարարում են Երևան-Սևան ռազմավարական մայրուղին փակելու պատրաստակամության մասին։ Իշխանությունը դա անվանում է «ժամանակավոր միջոցներ», բայց որևէ երաշխիքներ և այդ ձեռնարկությունների գործունեության վերսկսման հստակ ժամկետներ ոչ ոք չի նշում։ Ներկայիս բարդ տնտեսական իրավիճակում առանց աշխատանքի թողնել հազարավոր համաքաղաքացիների. ի՞նչ է սա, եթե ոչ երկրի ղեկավարության բացարձակ ապիկարության, անիրազեկության և սեփական ժողովրդի նկատմամբ անտարբերության ակնբախ վկայություն։

ԻՆՔԸ՝ ԲՀԿ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի ԻՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳԾԵՑ, որ վերջին օրերին իր համար ամենացավալին հենց այն փաստն է, որ հազարավոր մարդիկ կորցրել են հանապազօրյա հացը վաստակելու հնարավորությունը: Նա նշեց, որ արհեստական պարարապուրդը հսկայական վնաս է հասցնում տասնյակ հազարավոր մարդկանց, ներառյալ գործընկերներին, որոնց բիզնեսը նույնպես սաստիկ տուժել է:

Ծառուկյանի բիզնեսի ջախջախումը լիովին տեղավորվում է իր ընդդիմախոսների դեմ վարչապետի գործողությունների տրամաբանության մեջ։ Տվյալ դեպքում դա ընդդիմությանը ֆինանսական նեցուկից և երկրում գործընթացների վրա ազդելու հնարավորությունից զրկելու ձգտումն է, ամրապնդված անձնական հաշիվներ մաքրելու ցանկությամբ և ողորմելի քինախնդրությամբ։ Հասարակությունը լավ է հիշում Փաշինյանի հրապարակային հայտարարությունները նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրողների հետ հանդիպումների ժամանակ, ինչպես նաև ԱԺ նիստերի դահլիճում, երբ նա անթաքույց չարախնդությամբ բարբառում էր Գագիկ Ծառուկյանին «բոմժ» դարձնելու, ինչպես նաև ընդդիմության մյուս առաջնորդների հետ հաշվեհարդար տեսնելու մտադրության մասին։ Այսինքն՝ անձնական ոխը բավարարելու, քաղաքական դաշտը մաքրելու և իր իշխանությունը (ավելի ճիշտ՝ մենիշխանությունը) ամրապնդելու համար Փաշինյանը պատրաստ է ցանկացած քայլի. զրկել պետբյուջեն հարկային մուտքերից, փլուզել եզակի շարունակական արտադրությունները, գործազուրկ թողնել հազարավոր մարդկանց…

Իշխանության այս բոլոր գործողությունները դուրս են օրենքի շրջանակներից և իրենցից ներկայացնում են դասական ռեյդերություն պետական մակարդակով, որն իրականացվում է վարչապետին լիովին ենթակա ուժային կառույցների ուժերով։ Մեծ հավանականությամբ կարելի է պնդել, որ գործ ունենք նաև սեփականության ճղճիմ վերաբաշխման հետ՝ կայուն աշխատող ձեռնարկությունները Փաշինյանին հավատարիմ մարդկանց ձեռքը հանձնելու նպատակով։

Արդեն բազմիցս խոսվել ու գրվել է այն մասին, որ Հայաստանի ներկայիս իրավապահ համակարգը բացահայտ և անվերապահորեն ծառայում է մեկ մարդու շահերին: Փաշինյանն ու իր կառավարությունը վերջնականապես կոխկրտել են իշխանությունների տարանջատման սկզբունքները։ Պետական առանցքային բոլոր որոշումները կայացվում են բացառապես մեկ անձի կամքով: Վարչապետը միանձնյա է վճռում տնտեսական և իրավական բարդագույն հարցեր, որոնցում ինքը բնավ մասնագետ չէ, առաջնորդվելով անձնական մղումներով, պահած ոխով և «Քաղաքացիական պայմանագրի» նեղ կուսակցական, բայց բնավ ոչ պետական շահերով։ Նա համակարգված կերպով ոչնչացնում է ժողովրդավարական ինստիտուտների մնացորդները, դատարանների անկախությունը, իրավական երաշխիքները քաղաքացիների և բիզնեսի համար։ Պետական մեքենան նրա կառավարման տարիներին վերածվել է բռնաճնշիչ գործիքի, և այսօր ակներև են իսկական բռնապետության այդ ավտորիտար ռեժիմի վերջնական վերաճման բոլոր նախադրյալները։