Логотип

Քննչական գործողություններ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում. 15 տաղավարի աշխատանքը կասեցվել է

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում վաղ առավոտից քննչական գործողություններ են կատարվել, 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Ավելի վաղ aysor.am–ը հայտնել էր, որ հարկային մարմինները ստուգումներ են կատարում «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում։ Նշվել էր նաև, որ առևտրականներն ահազանգել էին, թե ստուգումներն առավոտից են կատարվում, ինչի հետևանքով չեն կարողանում իրենց տաղավարներում աշխատել:

«Քննչական մարմինները վաղ առավոտից զննություն են իրականացրել, և 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է։ Ընդհանուր առմամբ «Առինջ մոլի» գործունեությունը չի դադարեցվել, և աշխատանքն այնտեղ շարունակվում է։ Այն տաղավարները, որոնց գործունեությունը դադարեցվել է, հիմնականում զբաղվում են շինարարական ապրանքների առուվաճառքով, ինչպես նաև ինտերիեր դիզայնի ուղղվածություն ունեն»,– ասաց Տոնոյանը։

Տոնոյանի խոսքով` այդ տաղավարների գործունեության կասեցման հիմնավորմամբ նշվել է, թե դրանք գործում են բարձր լարում ունեցող հոսանքագծերի տարածքում։ Նա նշեց` փաստաբաններն արդեն զբաղվում այս հարցերով` ներկայացնելով իրենց համապատասխան հիմնավորումներ։

««Առինջ մոլում» հարկային ստուգումներ են իրականացվել մի քանի օր առաջ տարբեր տաղավարներում, հիմա էլ հենց այդ տաղավարների վերաբերյալ են գործողությունները կատարվել»,– նշեց Տոնոյանը։

Նա հայտնեց, որ մի քանի օր առաջ գործողություններ են իրականացվել նաև «Առինջ մոլի» հարևանությամբ գործող ոսկու շուկայում, բայց հիմա շուկան նույնպես շարունակում է բնականոն աշխատանքը։