Логотип

Վարդևանյան․ Դավիթ Ղազինյանի գործը կայծակնային արագությամբ ուղարկվել է դատարան

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր պետք է պատգամավորական մանդատ տար «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանին, սակայն նրա գործն անմիջապես ուղարկվել է դատարան։ Այդ մասին այսօր ԿԸՀ շենքի մոտ ճեպազրույցի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով` Դավիթ Ղազինյանը հանդիպել է իրավունքի նկատմամբ նսեմացնող հերթական վարքագծի։

Ըստ փաստաբանի` իրավապահ համակարգը, քաջատեղյակ լինելով, որ Ղազինյանն այսօր ձեռք է բերելու մանդատ, հասցրել է կայծակնային, ռեկորդային արագությամբ գործն ուղարկել դատարան։

«Սա աբսուրդի նոր նշաձող է»,– ընդգծեց Վարդևանյանը։

Նրա խոսքով` ամեն ինչ արվել է, որ մինչև ԿԸՀ նիստը (որի ժամանակ մանդատներն են բաշխվելու) գործն ամեն կերպ ուղարկեն դատարան։ Քանի որ, ըստ Վարդևանյանի` երբ այս նիստն ավարտվի և արձանագրվի, որ Ղազինյանն արդեն պատգամավոր է և չի կարող լինել կալանավորված, դատախազությունը կարողանա ասել, որ այլևս լիազորություն չունի կալանքը վերացնելու։

Վարդևանյանը չբացառեց, որ մեղադրող կողմը պնդի, որ Ղազինյանը դեռևս չի ստանձնել պատգամավորի լիազորությունները, քանի որ դա պետք է տեղի ունենա օգոստոսի 2-ին: Միաժամանակ, ըստ փաստաբանի, Սահմանադրական դատարանը դեռևս 2021 թվականին պարզաբանել էր, որ պատգամավորական անձեռնմխելիությունը ծագում է պատգամավորի կարգավիճակ ստանալու պահից, որը հաստատում է ԿԸՀ-ն։

Դավիթ Ղազինյանը կալանավորվել է հունիսի 18-ին։ Ըստ պաշտպանական կողմի ՝ քրեական գործը կապված է կաշառք տալու նախապատրաստման մեղադրանքի հետ: Փաստաբանը պնդումէ, որ Ղազինյանի նկատմամբ հետապնդումը քաղաքական բնույթ է կրում։

Sputnik Արմենիա