Գյումրիի առաջին փոխքաղաքապետ, քաղաքապետի պարտականությունները կատարող և Վարդան Ղուկասյանի փեսա Ավետիս Առաքելյանը պարզաբանել է Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու պատճառները։ Նա նշել է, որ որոշումը կայացվել է թե՛ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, թե՛ քաղաքական թիմի խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հետ քննարկումից հետո, սակայն վերջնական որոշումն իրենն է եղել։
«Ես գտել եմ, որ առաջնահերթը գյումրեցիների և Գյումրի քաղաքի շահն է։ Այս պահին տեսնում էի, որ մանդատ վերցնելու դեպքում քաղաքը կարող էր կոլապսի ենթարկվել, ինչն անընդունելի էր թե՛ իմ, թե՛ իմ քաղաքական թիմի համար»,- ասել է Առաքելյանը։ Նա հերքել է տեղեկությունները, թե Գյումրիի քաղաքային իշխանությունը «կուլիսային պայմանավորվածության» է եկել կենտրոնական իշխանության հետ, որի արդյունքում Վարդան Ղուկասյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով։
Դիտարկմանը, թե չի կարծում, որ օրենսդիր մարմնում կարող էր ավելին անել Գյումրու համար՝ նա պատասխանել է, որ օրենսդիրում իրենց ուժն արդեն ներկայացված է։
News.am
