Логотип

Արենիի հայտնի քարայրը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում

«Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունը Արփա գետի հովտում» վերնագրով Հայաստանի ներկայացրած հայտը հաստատվել է՝ գրանցվելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։

Կորեայի Հանրապետության Բուսան քաղաքում հուլիսի 19-29-ն ընթանում է Համաշխարհային ժառանգության կոմիտեի 48-րդ նստաշրջանը, որին մասնակցում է նաև Հայաստանը՝ որպես առաջին անգամ կոմիտեի անդամ ընտրված երկիր: Հայաստանի պատվիրակության կազմում են ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և ազգային 5 փորձագետ: Պատվիրակությունը գլխավորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը:

Նշենք, որ Արենի 1 քարանձավը գտնվում է Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում՝ Արփա գետի ափին։ Հայտնի է նաև «Թռչունների քարանձավ» անվանումով։ 2010 թ-ին այստեղ հայտնաբերվեց աշխարհի ամենահին կոշիկը, իսկ 2011 թ-ի հունվարին` աշխարհի առաջին գինեգործարանը։

Հիշեցնենք, որ 2024թ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկվեցին ՀՀ Արագածոտնի մարզի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը։ 2025թ․ հուլիսին հայտնի դարձավ նաև, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 47-րդ նստաշրջանում հավանության են արժանացել Հայաստանի կողմից ներկայացված 2 հայտերը՝ «Երևանի ուրարտական ժառանգությունը», «Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան» ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու վերաբերյալ:

1995թ․ նախնական ցանկում գրանցվել են Դվին քաղաքի հնավայրը, Երերույքի տաճարը և հնավայրը, Նորավանքը և Ամաղու գետի վերին հովիտը, Տաթևի վանքը, Տաթևի անապատը և Որոտան գետի հովտի հարակից տարածքները

Այսպիսով՝ Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում արդեն գրանցված 8 հայտ ունի, որոնցից 4-ը՝ 1995 թվականին, իսկ մնացած 4-ը՝ վերջին տարիներին։

ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում Հայաստանից գրանցված են Սանահինի և Հաղպատի վանքերը, Էջմիածնի Մայր տաճարը, եկեղեցիները և Զվարթնոց հնավայրը, Գեղարդի վանքը և Ազատ գետի վերին հովիտը:

Sputnik Արմենիա