«Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ»։ Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, Հակակոռուպցիոն դատարանի բակում 24news.am–ի լրագրողի հետ զրույցում ասել է Նարեկ Կարապետյանը։
Կարապետյանը նշել է, որ այս պահին ընթանում են քննարկումներ խմբակցության ղեկավարի ու քարտուղարի թեկնածությունների շուրջ։ Նա չի բացառել, որ ինքը կարող է դառնալ խմբակցության ղեկավար։
Հարցին այն մասին՝ հրավիրվե՞լ է Քննչական կոմիտե և հարցաքննվել իր նկատմամբ հարուցված քրեական վարույթների շրջանակում, Նարեկ Կարապետյանը պատասխանել է, որ հրավիրվել է, սակայն հարցաքննության անհրաժեշտություն չի եղել։
«Հրավիրել են, բայց հարցաքննելու կարիք չկար։ Չեմ խորացել, չեմ էլ կարծում, որ խորանալու կարիք կա։ Գիտեք՝ ինչ նպատակով է դա արվել»,–ասել է նա՝ պատասխանելով հարցին այն մասին՝ արդյոք ինքն էլ է անցնում Ալիկ Ալեքսանյանին առնչվող քրեական վարույթով։
Անրադառնալով թիմացկի՝ Դավիթ Ղազինյանի գործի քննությանը, ու հարցին, թե ինչ սպասումներ ունի դատարանից, Կարապետյանը նշել է․
«Կարծում եմ՝ Դավիթ Ղազինյանի ազատ արձակմանն այլընտրանք չկա, որովհետև Սահմանադրությունում սևը սպիտակին գրված է»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ ԿԸՀ–ի համաձայնությունը ստանալուց հետո դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «հավաքին մասնակցելուն հարկադրելը՝ բռնություն գործադրելու կամ սպառնալիքի միջոցով», և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի՝ «առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը», հատկանիշներով:
News.am
