«Եվրասիա» միջազգային մրցանակաբաշխությունը շարունակում է հայտերի ընդունումը, այդ թվում՝ Հայաստանից մասնակիցներից։ Այս մասին հայտնել են մրցանակաբաշխության մամուլի ծառայությունից։
Մրցանակը հիմնադրվել է այն մարդկանց և կազմակերպություններին աջակցության համար, որոնք նախագծեր են իրականացնում միջազգային համագործակցության, սոցիալական և մշակութային զարգացման, ավանդական արժեքների և ժողովուրդների միջև կապերի ամրապնդման ոլորտում։
Ընդհանուր մրցանակային ֆոնդը 17 մլն ռուբլի է (շուրջ 190 հազար դոլար)։ Կազմակերպիչների խոսքով՝ մասնակցությունը հեղինակներին հնարավորություն կտա իրենց նախագծերը ներկայացնել միջազգային հարթակում, գործընկերներ գտնել և մեդիաաջակցություն ստանալ ծրագրերի հետագա զարգացման համար։
Հայտ կարող են ներկայացնել անհատ մասնակիցներ, կոլեկտիվներ և թիմեր։ 14-17 տարեկան երիտասարդների համար նախատեսված է առանձին անվանակարգ՝ «Վառ մեկնարկ» (Яркий старт)։
Ընդհանուր առմամբ, մրցանակաբաշխությունը ներառում է 10 անվանակարգ։ Դրանցից յուրաքանչյուրում հաղթողը կստանա 1 մլն ռուբլի (շուրջ 11 հազար դոլար), երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը՝ 500 հազար ռուբլի (շուրջ 5 հազար դոլար), երրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը՝ 200 հազար ռուբլի (շուրջ 2 հազար դոլար)։
Նախագծերի փորձագիտական գնահատումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ից 27-ը, միջազգային քվեարկությունը՝ հոկտեմբերի 5-ից 13-ը։ Մասնակիցների համար ուսուցողական ծրագիրը նախատեսված է սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում, իսկ նախագծերի պաշտպանությունը առկա ձևաչափով կկայանա հոկտեմբերի 14-ին։
Եզրափակիչ դուրս կգա 100 մասնակից՝ յուրաքանչյուր անվանակարգում տասական լավագույն նախագիծ։ Նրանց կհրավիրեն Մոսկվա՝ պաշտպանության և պարգևատրման արարողությանը մասնակցելու համար, որը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին։
Եզրափակչի մասնակիցների ճանապարհածախսի, կացության և սննդի ծախսերը հոգում են կազմակերպիչները։ Մրցանակաբաշխության եզրափակիչ միջոցառումները կկայանան Մոսկվայում՝ հոկտեմբերի 13-ից 15-ը։
Հայտ ներկայացնել և մասնակցության պայմաններին ծանոթանալ կարելի է մրցանակաբաշխության պաշտոնական կայքում։
Sputnik Արմենիա
