Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած վրաերթի ժամանակ զինծառայողները հակագազերով չեն եղել։ Այս հայտարարությունը տարածել են ՀՀ պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն` հերքելով մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերից մեկը։
«Լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը»,- ասվում է ՊՆ-ի և ՔԿ-ի համատեղ հաղորդագրությունում։
Գերատեսչությունները հիշեցրել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ, և դժբախտ պատահարի հանգամանքները քննության առարկա են։
Հիշեցնենք` օգոստոսի 19-ին Գեղարքունիքի մարզում՝ Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին, «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարը վրաերթի է ենթարկել 7 զինծառայողի, որոնցից մեկը` Սուրեն Վարդանյանը, մահացել է, մյուսները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Բեռնատարի վարորդը, որը Վահան գյուղի բնակիչ է, պայմանագրային զինծառայող և 3 անչափահաս երեխաների հայր, ձերբակալվել է։
Sputnik Արմենիա
