Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է: Արագածոտնի Թեմը շնորհավորել է Վեհափառին։
«Վեհափառ Տեր,
Ձեր կատարած գործերի մասին կարելի է անվերջ խոսել. Տերունական աղոթքը մանկան անմեղ շուրթերով թոթովող երեխաներ, Սուրբ Հաղորդության արժեքն իմացող և ամեն կիրակի Տիրոջ Մարմինն ու Արյունը ճաշակող, Հայրենիքի արժեքն իմացող և շենացնող երիտասարդներ, Սուրբ Գիրքն ու հայեցի ավանդույթն իրենց զավակներին ջամբող ընտանիքներ, խոնարհված Եկեղեցիներում ծնկի իջնող և շեն Եկեղեցիները էլ ավելի շենացնող հավատացյալներ, ուսյալ և նվիրյալ հոգևորականներ, տոներ, որ նվիրված են մանկիկից մինչև մայրեր և ընտանիքներ, շեներում և քաղաքներում խոնարհումից վեր հառնող և նոր կառուցվող եկեղեցիներ և վանքեր… ի վերջո՝ վեհորեն կանգուն, սրտաբաց, աղոթալից , հայի սրբություն սրբոց շեն ՄԱՅՐ ՏԱՃԱՐ։
Վեհափառ Տեր, Ձեր կյանքի յուրաքանչյուր օրը նվիրումի, ծառայության և հայրական հոգածության վկայությունն է՝ ի սպաս Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր հավատավոր ժողովրդի և մեր ազգային ու հոգևոր արժեքների պահպանության ու զորացման։
Ձեր հայրական օրհնությամբ և առաջնորդությամբ Հայոց Սուրբ Եկեղեցին շարունակում է իր առաքելությունը՝ հավատքի լույսը փոխանցելով սերունդներին, ամրապնդելով եկեղեցասեր մեր ժողովրդի հոգևոր կյանքը և զորացնելով նրա կապը Մայր Եկեղեցու ու Հայրենիքի հետ։ Իրավ է ասված՝ ՎՇՏԱՑՅԱԼ ՀԱՅՐԱՊԵՏ, քանզի Ձեր Հայրապետության տարիներին Դուք տեսաք և տարաք անդառնալի կորուստների ցավ, սակայն, փա՜ռք Բարձրյալին, նաև իրավ է ասված՝ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՀԱՅՐԱՊԵՏ, քանզի հաղթանակած է այն անձը, որ հասել է իր կյանքի բոլոր նպատակներին։ Իսկ Դուք հասել եք Ձեր բոլոր նպատակներին։
Պողոս Առաքյալի նման այսօր Դուք էլ եք ձայնում՝ ասելով. «Եղբայրնե՛ր, յիշեցէ՛ք մեր վաստակը և ջանքը, երբ գիշեր-ցերեկ աշխատում էինք ձեզնից որևէ մէկի վրայ ծանրութիւն չլինելու համար. և ձեզ քարոզում էինք Աստծու Աւետարանը: Վկայ էք դուք ինքներդ, վկայ է նաև Աստուած, թէ ինչպէս սրբութեամբ, արդարութեամբ և անբասիր կերպով վարուեցինք ձեզ՝ հաւատացեալներիդ հետ. ինչպէս գիտէք էլ, ձեզնից իւրաքանչիւրին, ինչպէս հայրը՝ որդիներին, մխիթարում էինք և սփոփում ու վկայութիւն էինք տալիս, որ դուք ընթանաք Աստծուն արժանի կերպով, որը կանչեց ձեզ իր արքայութեանը և փառքին:(Ա Թես. 2:9-12)։
Աղոթում ենք և մաղթում, որ Ամենակալ Աստված Իր Սուրբ Աջի հովանու ներքո երկար և արևշատ տարիներ պարգևի Ձերդ Սրբությանը՝ շարունակելու Ձեր նվիրական առաքելությունը՝ ի փառս Աստծո, ի պայծառություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի զորացումն հավատավոր մեր ժողովրդի։
Թող Տերը Իր անսպառ շնորհներով զորացնի Ձեզ, պարգևի քաջառողջություն, հոգու խաղաղություն և անսպառ կորով, որպեսզի Ձեր հայրապետական ծառայության տարիները շարունակեն պտղաբերել նորանոր բարի գործերով։
Որդիական խոնարհութեամբ`
մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբութեան Սուրբ և Օծեալ Աջոյն»։
Aysor.am
