Վլադիմիր Զելենսկին փորձում է «Starlink» արբանյակային համակարգն օգտագործելու թույլտվություն ստանալ Ռուսաստանի տարածքին հարվածելու համար, բայց այդ խնդրանքը բավարարելու հավանականությունը փոքր է: Այս մասին հայտնում է «Financial Times»-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Թերթի տվյալներով՝ Կիևը փորձում է ԱԹՍ–ները համալրել «Starlink» համակարգով։ Այդ հարցը դիտարկվում է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության միջոցների պակասի ֆոնին։
Ըստ «Financial Times»-ի՝ Զելենսկին ակնկալում է ստանալ ամերիկացի գործարար Իլոն Մասկի համաձայնությունը՝ հարվածային ԱԹՍ–ները «Starlink»-ով համալրելու համար: Միևնույն ժամանակ Կիևն առաջարկում է սահմանափակել դրանց գործողության հեռահարությունը 200 կիլոմետրով։ Ուկրաինական կողմը հույս ունի, որ նման պայմանը կարող է մեծացնել խնդրանքը բավարարելու հավանականությունը։
Անօդաչու թռչող սարքերը «Starlink»–ով համալրելու թեման քննարկվել էր հուլիսին Սպիտակ տանը Զելենսկու և Թրամփի հանդիպման ժամանակ: Հանդիպմանը մասնակցած անձինք թերթին հայտնել են, որ Թրամփը չի աջակցել նախաձեռնությանը։ «Financial Times»-ի աղբյուրները նույնպես քիչ հավանական են համարում, որ Մասկը կտա համապատասխան թույլտվությունը:
Հիշեցնենք` Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինային զենք մատակարարելը խանգարում է հակամարտության կարգավորմանը` ուղղակիորեն ներգրավելով ՆԱՏՕ-ի երկրներին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար: Կրեմլում հայտարարել են, որ Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում բանակցություններին և բացասական ազդեցություն կունենա։
Sputnik Արմենիա
