Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հանրապետության տարածքում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքների հիմնական մասը կավարտվի հաջորդ տարի։ Այս մասին նա ասել է Ադրբեջանի և Ուզբեկստանի Բարձրագույն միջպետական խորհրդի երրորդ նիստում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Անդրադառնալով տրանսպորտային նախագծերի իրականացմանը՝ Ալիևը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներն ակտիվորեն ընթանում են։ Ըստ նրա, նախագծի ադրբեջանական հատվածը նախատեսվում է ավարտել 2027 թվականին։
Նա ասել է, որ Նախիջևանի երկաթուղին «հայեցակարգային առումով դիտարկվում է որպես Ադրբեջանի երկաթուղու մաս»։
Այս կապակցությամբ Բաքուն մտադիր է ստեղծել միջազգային կոնսորցիում՝ նախագծում ներդրումների, շահույթի ստացման և այս երթուղով բեռնափոխադրումների երաշխավորված ծավալների ապահովման մեջ շահագրգռված ընկերությունների և պետությունների մասնակցությամբ։
«Ի տեղեկություն ուզում եմ ասել, որ Հայաստանի տարածքում նույնպես աշխատանքներ են ընթանում, մեր ամերիկացի գործընկերները մեզ այդ մասին պարբերաբար տեղեկացնում են։ Եվ, որքան մեզ ասել են, կամ այս տարվա վերջին, կամ հաջորդ տարվա սկզբին Հայաստանի տարածքում շինարարություն կսկսվի։ Բայց այնտեղ երկարությունը ընդամենը 42 կիլոմետր է, իսկ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում՝ 194։ Այո՛, այդ պատճառով մենք սկսել ենք աշխատանքները, և մենք դրանք ամեն դեպքում կիրականացնենք։ Բայց հաշվի առնելով, որ մենք գիտենք, որ տարբեր ընկերությունների կողմից հետաքրքրություն կա, պարզապես ուզում էի տեղեկացնել, որ ցանկության դեպքում հնարավորություն կա մասնակցելու նաև նախատեսվող կոնսորցիումին»,– հայտարարել է Ալիևը։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նախնական թողունակությունը նախատեսվում է տարեկան 15 միլիոն տոննա բեռի մակարդակով։
News.am
