Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի։ Լուրը հրապարակվել է Սիմոնյանի իրավունքների դատական պաշտպանությունը ստանձնած «AM» իրավաբանական գրասենյակի ֆեյսբուքյան էջում։
2025 թվականի մայիսի 19-ին ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել էր. «… Ես համարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը մարդասպան է, իրա ձեռքերը արյան մեջ են, ինքը թալանչի է, ինքը Հայաստանի Հանրապետությանը վերաբերվել է որպես խոպանի տեղ ու հիմա էլ ա տենց վերաբերվում․․․»
Քոչարյանը պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ տարածելու համար դատի էր տվել Ալեն Սիմոնյանին։
«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2026 թվականի օգոստոսի 18-ին կայացրել է վճիռ, որով ամբողջությամբ մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկատվությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների վերաբերյալ»,– ասված է փաստաբանական գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Ըստ փաստաբանական գրասենյակի` դատարանը, ի թիվս այլ հանգամանքների, մերժման հիմքում դրել է այն հիմնավորումը, որ նման ձևակերպումները տվյալ կոնկրետ խոսքային համատեքստում գնահատողական դատողություններ են՝ խիստ, չափազանցված, սադրիչ և ծանր արատավորող ենթատեքստով, սակայն չեն պարունակում որոշակի սպանության, հանցավոր ծրագրի կամ հայցվորի մասնակցության կոնկրետ ձևի վերաբերյալ ինքնուրույն փաստացի տվյալ։
Դատարանը եկել է այն եզրահանգման, որ սույն քաղաքացիական գործով ներկայացված չեն բավարար ապացույցների համախմբեր, որոնք հնարավորություն կտային եզրահանգում կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1-րդ հոդվածով սահմանված (պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնաս) հիմքերի գոյության վերաբերյալ։
Sputnik Արմենիա
