Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր՝ ժամանակավոր կառավարում սահմանելու հնարավորության մասին այն կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներում, որոնց սեփականատերերը բավարար միջոցներ չեն ձեռնարկել դրանց անվտանգությունն ապահովելու համար, այդ թվում՝ ԱԹՍ-ների հարձակումներից պաշտպանվելու նպատակով։ Խոսքը, մասնավորապես, վառելիքաէներգետիկ համալիրի, կապի, տրանսպորտի և լոգիստիկայի օբյեկտների մասին է, հաղորդում է «Կոմերսանտ»-ը։
Նման միջոցը ընդունվել է այսպիսի ենթակառուցվածքների անվտանգության սպառնալիքների «աճի» ֆոնին։ Մեխանիզմը հարցեր է առաջացնում փորձագետների և շուկայի մասնակիցների մոտ․ լիովին հստակ չեն նման ընթացակարգի գործարկման հիմքերը, ինչպես նաև ձեռնարկությունների սեփականատերերի և Պաշտպանության նախարարության պատասխանատվության գոտիների սահմանները։
Աղբյուրը նշում է, որ գործնականում որոշումը վերաբերելու է «անկախ վերամշակողներին և առանձին մասնավոր տարածաշրջանային ընկերություններին»։ Նրա կարծիքով՝ նման միջոցը պայմանավորված է «հայտնի դեպքերով», երբ ձեռնարկությունը, լինելով տարածաշրջանի համար սոցիալապես կարևոր մատակարար, սկզբնապես կարող էր լրացուցիչ միջոցներ ձեռնարկել իր անվտանգությունն ապահովելու համար, սակայն «կառավարման առանձնահատկությունների պատճառով» հրաժարվել է դրանից և արդյունքում դադարեցրել է իր գործունեությունը՝ ենթակառուցվածքի վրա հարձակումների պատճառով։
News.am
