«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկությունն ու դրան հաջորդած բոլոր գործողություններն իրականացվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական ցուցումով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ օգոստոսի 24-ին ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո պատգամավորների հարցերին պատասխանելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։
Այդ ժամանակ Լևոն Քոչարյանը բավականին կոշտ արձագանք տվեց՝ ընդգծելով, որ ժողովրդավարական երկրում պետք է դատարանը որոշի, թե ինչն ում պետք է վերադարձվի, ոչ թե փաստացի երկրի առաջին դեմքը։ Քոչարյանը նաև նշեց՝ երկրի գլխավոր ամբիոնից ճնշում է գործադրվում դատարանի վրա։
«Ազգային ժողովի թիվ 1 քաղաքական ամբիոնից երկրի վարչապետը ուղիղ հրաման տվեց իրավապահներին, որպեսզի քրեական գործեր կարեն ահաբեկեն, բռնաճնշումներ իրականացնեն Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ։ էս մարդն օրենքից իրեն դրել է դուրս և ուղիղ հրաման է տալիս։ Այսօրվա իրավապահ համակարգը Նիկոլ Փաշինյանի բութ գործիքն է դարձել, որպես յաթաղան օգտագործում է հայ ժողովրդի, ընդդիմադիրների դեմ»,–լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Ինչ վերաբերում է Լևոն Քոչարյանի՝ ԱԺ-ում ի պատասխան Փաշինյանի հրահանգների ելույթին, ապա պատգամավորն ընդգծեց՝ երկրի ղեկավարը չի կարողանում մարսել, որ ընդդիմադիր որևէ մեկը իր մտածածն ասում է հենց իր թիմակիցների ներկայությամբ: Սևակ Խաչատրյանը Փաշինյանի այս արարքն անվանեց ջղաձգում:
Պատգամավորը շեշտեց, որ օրվա իշխանություններից ամեն ինչ սպասելի է ու տեղի ունեցողն էլ անակնկալ չէր:
Այսօր առավոտից խուզարկություններ են ընթանում ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տանը և նրանց պատկանող ընկերություններում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանները ձերբակալված են։
Sputnik Արմենիա
