«Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի համոզմամբ՝ երկրում ընթացող ձերբակալություններն ու քննչական գործողությունները քաղաքական են և կապված են նոր համաձայնությունների ընդառաջ իշխանությունների հնարավոր զիջումների հետ:
«Ուզում եմ հատուկ ընդգծել՝ տեղի ունեցողը բոլորովին պետք չէ դիտարկել զուտ իրավական տիրույթում կամ փորձել խորասուզվել գործընթացի բուն էության մեջ։ Այս ամենն արվում է բացառապես սպասվող զիջումների պատճառով՝ լինի դա Տիգրանաշենի հանձնումը, թե այսպես կոչված «ալիևյան սահմանադրության» ընդունումը։ Փորձ է արվում չեզոքացնել հիմնական դերակատարներին, ինչպես նաև վախի այնպիսի մթնոլորտ ձևավորել, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող որևէ քաղաքացի այլևս չհամարձակվի արտահայտել իր դիրքորոշումը։ Հիմնական նպատակը հենց սա է, մնացածը երկրորդական գործընթացներ են», — դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գրիգորյանը։
Ըստ նրա՝ բանակում տեղի ունեցող իրադարձությունները նույնպես ընդհանուր քաղաքական համատեքստի մաս են կազմում։ Նա ընդգծել է, որ վերջին տասնօրյակում Հայաստանի զինված ուժերում արդեն երեք զինծառայող է զոհվել։
«Այո՛, մեզ ասում են, թե ապրում ենք խաղաղության պայմաններում։ Բայց խաղաղ պայմաններում քանի՞ զոհ ենք ունենում բանակում։ Սա պարզապես անընդունելի է։ Երբ հարցնում ենք, թե ինչով եք ընդհանրապես զբաղված կամ ինչ եք անում, եթե չեք կարողանում վերահսկողություն ապահովել, մեզ պատասխանում են. «Բանակը հասարակության հայելին է, այնտեղ քրեական բարքեր են տիրում»։ Եվ սա ասում է մի մարդ, որն ինքը, ներողություն արտահայտությանս համար, ամբիոնից խոսում է գողական ժարգոնով, իսկ նրա վարքագիծն ամբողջովին տեղավորվում է այդ իրավիճակի մեջ», — ասել է պատգամավորը։
Գրիգորյանի կարծիքով՝ իշխանություններն ի վիճակի չեն բացատրություն տալ բանակում տեղի ունեցողին և փորձում են պատասխանատվությունը բարդել իրենց իսկ ստեղծած հանձնաժողովի վրա։
«Ընդամենը հանձնաժողով են ստեղծել և ամբողջ պատասխանատվությունը թողնելու են դրա վրա։ Սովորաբար ի՞նչ է տեղի ունենում. կա խնդիր՝ ստեղծում ես հանձնաժողով, բուն խնդրով ընդհանրապես չես զբաղվում, բայց քեզ համար լեգիտիմ առիթ ես ստանում որևէ գործընթացին հղում անելու ու ասելու, թե իբր աշխատանք է տարվում։ Կարծում եմ՝ հենց այս ֆոնին էլ սկսվեցին ընթացիկ ճնշումները», — հայտարարել է նա։
Պատգամավորի խոսքով՝ լրացուցիչ գործոն կարող էր հանդիսանալ նաև խորհրդարանում իր կուսակցական ընկեր Լևոն Քոչարյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած վերջին սուր մտքերի փոխանակումը։
«Կարծում եմ՝ որոշակի ազդեցություն է ունեցել նաև Լևոն Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխանը, որը բավականին սուր անցավ։ Հնարավոր է՝ դա պարզապես լրացուցիչ խթան է դարձել։ Արդյունքում մի քանի գործոններ կուտակվել են և ձևավորել այսօրվա իրականությունը», — նշել է Գրիգորյանը։
Խոսելով հնարավոր տարածքային զիջումների մասին՝ պատգամավորը հայտարարել է, որ իշխանությունները կարող են գնալ ավելի հեռուն, քան սահմանազատման վերաբերյալ արդեն իսկ հնչեցված ծրագրերն են։
Միևնույն ժամանակ, նա իշխանության ձեռքում սահմանադրական մեծամասնության բացակայության դեպքում հնարավոր պատերազմի մասին Փաշինյանի հայտարարությունները կապել է Մայր օրենքը փոխելու անհրաժեշտության հետ։
«Նրանք ցանկանում էին սահմանադրական մեծամասնություն ստանալ և ահաբեկում էին մարդկանց՝ Սահմանադրությունը փոխելու համար այդ մեծամասնությունն ապահովելու նպատակով։ Սահմանադրական մեծամասնությունն իրենց պետք էր միմիայն դրա համար», — կարծում է Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ խորհրդարանի ներկայիս կազմը բավարար չէ նման փոփոխություններ իրականացնելու համար, իսկ «Հայաստան» խմբակցությունն իր ընտրողներից նոր Սահմանադրությանը կողմ քվեարկելու մանդատ չի ստացել։
Գրիգորյանը քննադատել է նաև իշխանությունների այն հայտարարությունները, թե սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ են դատական համակարգի անկախությունն ապահովելու համար։
«Եթե 2018 թվականին նախագահ Քոչարյանին կալանավորելու համար Փաշինյանը ծածուկ, փակ դռների ետևում էր ասում՝ «ուզեք թե չուզեք՝ կալանքը պիտի տաք», ապա հիմա նա արդեն, ներողություն արտահայտությանս համար, բացահայտ կանգնում է ամբիոնին ու տալիս այդ ցուցումները։ Եվ այս մարդն ասում է, թե մեզ սահմանադրական բարեփոխում է պետք, որպեսզի փոխենք դատավորների նշանակման ու ազատման կարգը։ Մեր երկրում մի՞թե մնացել են դատավորներ, որոնք չեն անում ձեր ասածը։ Մնացած մի քանիսին էլ ինքներդ եք ենթարկում կարգապահական վարույթների, ապա՝ ազատում», — հայտարարել է պատգամավորը։
Առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Տիգրանաշենին՝ Գրիգորյանը նշել է, որ այն ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար:
«Եթե խոսենք ընդհանրապես զիջումների մասին, նախևառաջ, կարծում եմ, խոսքը Տիգրանաշենի մասին է։ Մեկ օրում այն դարձավ Քյարկի։ Երբ Փաշինյանը ընտրություններին գնում էր Տիգրանաշեն ու Արարատի մարզ, ոչ մի անգամ չէր ասում, թե այդ Քյարկին հայկական չէ, թե դա ադրբեջանական է և այլն», — ասել է նա։
Պատգամավորն ընդգծել է, որ Տիգրանաշենի հանձնումը կարող է ծանրագույն հետևանքներ ունենալ երկրի համար։
«Պետք է հասկանալ, որ Տիգրանաշենը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար, և դրա հանձնումը ծանրագույն ազդեցություն կունենա պետության կենսունակության վրա։ Որքան էլ նրանք ասեն, թե Վեդիով անցնող ճանապարհ կա, որը կարելի է օգտագործել շրջանցման համար, այն, բնականաբար, չի կարող կոչվել միջպետական ճանապարհ։ Ընդ որում, նրանք չեն կարողանում ներկայացնել որևէ իրավական հիմնավորում, թե ինչու պետք է Տիգրանաշենը համարվի ադրբեջանական», — հայտարարել է Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ արդեն իսկ բարձրաձայնված զիջումներն այնքան ծավալուն են, որ ինքը չի բացառում լրացուցիչ պայմանավորվածությունների առկայությունը, որոնց մասին իշխանություններն առայժմ լռում են։
«Այդ զիջումները, առնվազն նրանք, որոնց մասին արդեն հայտարարվել է, այնքան մեծ են և կարող են այնքան անդառնալի հետևանքներ ունենալ Հայաստանի Հանրապետության համար, որ ես հիմա նույնիսկ չեմ ցանկանում մտածել՝ արդյոք կան լրացուցիչ պայմանավորվածություններ, որոնք դեռ չեն հանրայնացվել, բայց փաստացի կարող են գոյություն ունենալ», — ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավարը։
News.am
