«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» (ԹՐԻՓՓ) ծրագրի շրջանակում կազմակերպվել է ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաների մասնակցությամբ համատեղ այց դեպի Սյունիք։ Լուրը հրապարակվել է «ԹՐԻՓՓ Հայաստան / TRIPP Armenia» ֆեյսբուքյան էջում։
«Հայկական կողմից մասնակցում են ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչները, իսկ ամերիկյան կողմից՝ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը և ԱՄՆ պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական Ջոն Ասքոնասը»,– ասված է էջում հրապարակված առաջին գրառման մեջ։
Նշվում է, որ պաշտոնյաները նախատեսում են հանդիպել տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և համայնքների բնակիչների հետ։ Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվելու ԹՐԻՓՓ-ի միջոցով տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդմանը և նոր հնարավորությունների ստեղծմանը։
Նախատեսվում է նաև այցելություն Մեղրիի մոտակայքում ԹՐԻՓՓ երթուղու համար նախատեսվող վայրեր։
Sputnik Արմենիա
