USD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 27°C

Логотип

ՇՈՒՇԻԻ «ՎԱՐԱՆԴԱ» ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՄԵՐԳՆԵՐԻՆ

Տարիների ընթացքում հայ կոմպոզիտորները մանկապատանեկան երգչախմբերի համար ստեղծել են 700-ից ավելի երգ, դրանցից 170-ը վերջին 30 տարիների ընթացքում գրվել են Շուշիի «Վարանդա» երգչախմբի համար։ Այդ թվում է նաև 32 ստեղծագործություն, որոնք ծնունդ են առել այս տարվա ընթացքում։ Եվ կրկին թվեր, բայց այս անգամ տոնական երանգով․ այս 32-ից 14-ը սեպտեմբերի 9-ին կհնչեն «Վարանդա»-ի կատարմամբ «Երգող Արցախ» նախագծի համերգին, որը տեղի կունենա Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը։

ԻՆՉՊԵՍ ԱՍԱՑ «ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ» ԹԵՐԹԻՆ ՏՎԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՈՒՄ ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ԱՆՎԱՆԻ ԵՐԱԺԻՇՏ, «Վարանդա»-ի հիմնադիր, գեղարվեստական ​​ղեկավար ու խմբավար Զաքար Քեշիշյանը, արդեն 34-րդ տարին է, ինչ նա գալիս է իր հարազատ երգչախմբին հանդիպելու, որպեսզի կրկին բեմ հանի արցախցի երեխաներին, որ Արցախի ձայնը չմարի։ «Վարանդա»-ի հիմնադրման օրվանից սկսած նա միայն մեկ անգամ չկարողացավ գնալ Արցախ, երբ երկիրը շրջափակման մեջ էր և սկիզբ դրվեց Արցախ երկրի հայաթափութան գործընթացը։

Անգամ 2020 թ․ պատերազմից հետո պարոն Զաքարը, ինչպես նրան անվանում են արցախցիները, համառորեն վերադարձավ Արցախ և կազմակերպեց հսկայական համերգ, հիմնելով «Երգող Արցախ» նախագիծը։ Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված շրջանների բնակիչների մի մասը, չցանկանալով լքել իրենց հայրենիքը, բնակություն էին հաստատել Ստեփանակերտում։ Եվ չնայած «Վարանդա»-ի մասնակիցներից մի քանիսն այլևս երկրում չէին՝ նրանց ընտանիքները տարհանվել էին պատերազմի ժամանակ և այլևս չէին կարողացել վերադառնալ իրենց տները, Զաքար Քեշիշյանը կարողացավ համալրել երգխախումբը, որպեսզի այն շարունակի ապրել։ Այդ օրվանից «Վարանդա»-ի նոր սաները ոչ միայն Շուշիից են, այլ նաև Արցախի մյուս շրջաններից։

«Անցել է երեք տարի, ինչ Արցախը հայաթափվել է, արցախահայերը հայտնվել են իրենց հայրենիքից դուրս և ստիպված ցրվել Հայաստանով մեկ։ Գաղտնիք չէ, որ նրանք այստեղ ապրում են դժվարին կյանք, վարձակալած բնակարաններում, տնից տուն փոխադրվելով, ինչպես, օրինակ, մեր նվագակցողը՝ տիկին Մարիամը, ով այսօր այդ պատճառով չկարողացավ գալ փորձի։ Դժբախտաբար, մեր հայրենակիցներից շատերն այլևս չունեն նախկին ոգևորությունն ու տաք սիրտն Արցախի նկատմամբ, որովհետև ազդված են ապազգային քարոզչությունից։ Եվ այս իրավիճակում թվում է թե խելամիտ հարց է առաջանում՝ արդյո՞ք արժի շարունակել «Վարանդա»-ի գործունեությունը և Արցախին վերաբերող այլ նախագծերը։

Համոզված եմ, որ արժի, անգամ կասկած չունեմ դրանում, և ասեմ, թե ինչու, – խոստովանեց Զաքար Քեշիշյանը։ – Ես կանխազգացել էի, որ Հայրենիք պիտի կորցնենք։ Սրանից 9 տարի առաջ, երգչախմբի 25-ամյակի առիթով հեռուստալրագրող Արթուր Բախտամյանի հետ ունեցա հարցազրույց, որի ավարտին նա բլից-հարցեր էր տալիս։ Երբ հարցրեց՝ ինչի՞ց եք վախենում, ասեցի՝ հայրենիք կորցնելուց։ Նա զարմացավ, բայց ես հիշեցրեցի, որ կորցրել ենք Վանը, Մուշը, Սասունը, Մուսալեռը և մեր պատմական հայրենիքի այլ քաղաքներ։ Արցախը կորցնելու վախը ևս չէր լքում ինձ։ Բայց այսօր ես վերադարձել եմ Երևան, և կրկին կանխազգացում ունեմ, որ մենք ետ կգնանք Արցախ, տուն, քանի որ հավատում եմ արդարության հաղթանակին, որ մեր զինվորների արյունը ապարդյուն չի թափվել։ Մենք պետք է վերադառնանք Արցախ, քանի որ այն հայերի պատմական հողն է, և այս փաստն ապացույցի կարիք չունի։ Մենք պետք է լինենք մեր սեփական տան տերը։ Այս հավատով մենք շարունակում ենք «Վարանդա»-ի գործունեությունը՝ մինչ մեր կվերադարձը Շուշի»։

«Երգող Արցախ» նախագծի այս տարվա առաջին համերգը կկայանա Երևանում, որից հետո «Վարանդա»-ն ելույթ կունենա ևս երեք քաղաքների բեմերում՝ Գյումրիում, Չարենցավանում և Մասիսում: Արդեն երրորդ տարին է, ինչ նախագիծն իրականացվում է Արևելյան Ամերիկայի ՀԱԵ Կիլիկյան թեմի առաջնորդարանի՝ արքեպիսկոպոս Անուշավան Դանիելյանի գլխավորությամբ և Նյու-Յորքի Սուրբ Լուսավորիչ Մայր եկեղեցու (քահանա Տեր Մեսրոպ Լաքիսյան) ֆինանսական աջակցությամբ: Այս տարվա բացառությունը Չարենցավանն է, որի համերգը հովանավորում են երգչախմբի նախկին սաները, որոնք ապրում են տարբեր երկրներում։ Նրանք որոշեցին աջակցել իրենց հարազատ երգչախմբին, որի կազմում տարիներ առաջ առաջին քայլերն են արել երաժշտական ոլորտում։ Զաքար Քեշիշյանը հպարտությամբ է խոսում այս մասին իր ներկայիս սաների հետ՝ ընդգծելով բոլորի պատասխանատվությունը «Վարանդա»-ի ապագայի և երգչախմբում ձևավորված ընտանեկան հարաբերությունների ավանդույթը։ Չէ որ սիրո, հոգատարության, վստահության և միմյանց օգնելու վրա հիմնված ընտանեկան մթնոլորտը միշտ առանձնացրել է Շուշիի այս հրաշալի կոլեկտիվը:

«ԵՍ ՆԱԵՎ ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ԵՐԳՉԱԽՈՒՄԲՆ ԻՐ ԱՄԲՈՂՋ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ կատարել է 170 երգ, որոնք հատուկ մեր համար են գրել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի անվանի կոմպոզիտորները՝ Տիգրան Մանսուրյանը, Մարտին Վարդազարյանը, Արմենուհի Կարապետյանը, Ստեփան Բաբաթորոսյանը, Ստեփան Շաքարյանը, Արեգ Լուսինյանը, Խաչատուր Մարտիրոսյանը, Ռոբերտ Պետրոսյանը, Վահե Հայրապետյանը, Ժիրայր Շահրիմանյանը, Մամիկոն Անդրեասյանը, Տարոն Տեր-Գրիգորյանը, Նարինե Զարիֆյանը և ուրիշները։ Այս տարի մեզ համար ստեղծագործել են նաև պրոֆեսոր Էդուարդ (Էդի) Թորիկյանը Լիբանանից և Պետրոս Շուժունյանը Կանադայից, – շարունակեց Զաքար Քեշիշյանը։ – Այս բոլոր երգերը տարիներ շարունակ հնչել են Շուշիում, Ստեփանակերտում և Արցախի այլ վայրերում, նաև Հայաստանում, Լիբանանում։ Այսօր դրանք այլ խմբեր են կատարում, բայց մենք հպարտությամբ ասում ենք, որ առաջին կատարողներն էինք։ Երգչախմբերը, կատարողները և դիրիժորները փոխվում են, իսկ երգերը մնում ու դառնում հայ ժողովրդի երաժշտական ​​գանձարանի մաս։ Եվ ես ուրախ եմ, որ «Վարանդա»-ի պատմության ընթացքում մեր երգչախմբին է վստահվել դրանց տարածման մեկնարկը»։

Արդեն հինգ շաբաթ է, ինչ փորձերն ընթանում են, և այդ բարդ գործում Զաքար Քեշիշյանին են օգնում նվագակցող Նադեժդա Հակոբյանը, կազմակերպչական հարցերով զբաղվող երաժիշտներ Մարիամ Հարությունյանն ու Նանար Պողոսյանը։ Երգչախմբի կազմն այս տարի էլ է ենթարկվել որոշ փոփոխությունների։ Պատանի երգիչներից ոմանց ընտանիքները կրկին փոխել են բնակության վայրը, և նրանք ստիպված են եղել դուրս գալ «Վարանդա»-ից։ Նրանց փոխարեն եկել են նոր երեխաներ՝ 10-ից ավելին, որոնք շատ արագ ընտելացան թե աշխատանքային ռիթմին, թե երգչախմբի հին կազմին և այսօր պատրաստ են արժանապատվորեն ներկայացնել «Վարանդա»-ն։ Եվս 11 սան այս տարի վերջին անգամ կբարձրանան բեմ երգչախմբի կազմում։ «Մեծացել են»,- ասում է պարոն Զաքարն ու պատրաստվում է նրանց պատվոգրեր հանձնել՝ փառքով հրաժեշտ տալ։

«Ես գոհ եմ երգչախմբի աշխատանքից։ Ընդամենը հինգ շաբաթում մենք կարողացանք ամբողջովին նոր ծրագիր պատրաստել։ Սա ոչ միայն մեր՝ մեծահասակներիս, այլև երեխաների շնորհիվ է․ նրանք շատ տաղանդավոր են ու գիտակցում են առաջիկա համերգի կարևորությունը, – վստահեցրեց Զաքար Քեշիշյանը։ – Մեր հանդիպումներն ունեն ևս մեկ առավելություն. փորձերի ժամանակ երեխաները խոսում են արցախյան բառբառով, ինչը նշանակում է, որ «Երգող Արցախ» նախագիծը նույնպես նպաստում է այդ բառբառի պահպանմանը»։

Հավելենք, որ հաջորդ տարի Շուշիի «Վարանդա» երգչախումբը նշում է իր 35-ամյակը, որը նախատեսում է անցկացնել մեծածավալ հոբելյանական համերգի տեսքով։ Հնարավոր է, որ երգչախմբի նախկին սաները միանան պատանի երգիչներին, և «Երգող Արցախ»-ը կհնչի իր տասնամյակների ուժով ու բազմազան երանգներով։

Հետևեք մեզ՝ Facebook Telegram